Երեւանում Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է անցկացվել. Փաշինյանը ելույթ է ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երեւանում տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց.
«Նախ թույլ տվեք ողջունել Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների երկրորդ համատեղ նիստը: Համանման առաջին նիստը տեղի ունեցավ այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում, իսկ հիմա ահա համատեղ նիստ ենք անցկացնում Երեւանում: Կարծում եմ, այսպիսով, մի շատ կարեւոր ավանդույթի սկիզբ է դրվում, որը նաեւ գործնական կարեւոր նշանակություն ունի՝ համադրել երկու հանրապետությունների դիրքորոշումները եւ անելիքները մեր համատեղ օրակարգի հարցերի վերաբերյալ: Համագործակցությունը եւ երկխոսությունը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների միջեւ կրում է համակարգված բնույթ եւ կոչված է ապահովելու տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը:
Մարտի 12-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ ընդգծեցի երկու խնդիր, որոնց հասցեագրումն էական է արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Առաջինը Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացման անհրաժեշտության ընկալումն էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարեւոր է, որ այդ քայլերն արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որն ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Որո՞նք են այդ օբյեկտիվ իրականության բնորոշիչները:
Առաջին՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը եւ ընդգծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը:
Երկրորդ՝ փոխվել է որոշումների ընդունման մշակույթը եւ այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի եւ հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում: Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որեւէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության եւ արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որեւէ տարբերակի հետ կապված օգուտների եւ ռիսկերի անմիջական կրողը:
Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Արցախում գալիք տարվա մարտին տեղի ունենալիք ընտրություններն այս տեսակետից ստանում են հավելյալ կարեւորություն: Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմից:
Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ մենք ունենք շատ կարեւոր իրավիճակ եւ արձանագրում՝ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, եւ այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Եվ մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացված մանդատի հիման վրա, եւ, հետեւաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք որեւէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները, վնասում են խաղաղ գործընթացին, որովհետեւ եթե պիտի ընտրված ներկայացուցիչներն Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված է բանակցային ձեւաչափի եւ բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպե՞ս կարող են ընտրված ներկայացուցիչներն ընտրվել, եթե ոչ ընտրությունների միջոցով: Եվ ուրեմն առավել քան վստահ եմ, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան իրենց ժողովրդի քվեն եւ կկրեն այդ քվեն իրենց տված ժողովրդի հանդեպ պատասխատվությամբ, կառուցողական ներգրավում կունենան խաղաղ գործընթացում:
Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր: Հայաստանի Հանրապետության այս դերակատարումը, որը ես հանգամանորեն ներկայացրել եմ այս տարվա օգոստոսի 5-ի Արցախի ժողովրդի առաջ Ստեփանակերտի հրապարակում, ենթադրելու է սերտ համագործակցություն ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք Արցախի նոր իշխանությունների հետ: Այս տեսակետից կուզենայի բարձր գնահատել Արցախի ներկա իշխանությունների հետ ձեւավորված փոխըմբռնումը եւ իմ երախտագիտությունը հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար»: