Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, մենք միշտ զգացել ենք Հայաստանի գործուն աջակցությունը, Երևանում տեղի ունեցող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
«Մենք միշտ կարևոր ենք համարել և եղել ենք այն գաղափարի կողմնակիցը, որ անհրաժեշտության դեպքում, իսկ այդպիսի դեպքեր եղել են բազմիցս, համազգային խնդիրները քննարկվեն հայկական երկու հանրապետությունների ղեկավարների կողմից համատեղ: Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Եվ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջև ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ և ընդունել հիմնավորված որոշումներ: Կարծում եմ, որ նման ձևաչափով քննարկումները կլինեն մշտական և կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը», – ասել է Բակո Սահակյանը։
ԱՀ նախագահը նշել է, որ այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը:
«Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է:
Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը: Անվտանգության հարցերն առանցքային են նաև Արցախի սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը:
Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ:
Մյուս կարևորագույն խնդիրն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Դուք քաջատեղյակ եք հակամարտության կարգավորման գործընթացին, և դրա շուրջ ծավալվող զարգացումներին, ինչը տարբեր հարթակներում լուրջ քննարկումների և երբեմն նաև շահարկումների առիթ է դառնում: Ինչ-որ տեղ դա բնական է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիրարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:
Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան», – հայտարարել է Բակո Սահակյանը։
Նա նաև անդրադարձել է Արցախի սոցիալտնտեսական իրավիճակին:
«Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան: Ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: 2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը: Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը: Բնական է՝ կան նաև շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարևորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական և գործուն աջակցությունը:
կուզենայի նաև անդրադառնալ Արցախի ներկա ներքաղաքական իրավիճակին: Դուք գիտեք, որ 2020 թվականին մեզ մոտ տեղի են ունենալու հերթական նախագահական և խորդհրդարանական ընտրությունները, ընտրվելու են Հանրապետության նոր նախագահ և Ազգային ժողով: Այս բոլոր գործընթացների հիմքում պետք է լինի այն գաղափարը, որ ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որի համար նա տասնամյակներ շարունակ պայքարում է: Ամեն ինչ կարվի, որպեսզի գալիք ընտրությունները ևս անցնեն արդար, թափանցիկ, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, կայունության և հանդուրժողականության մթնոլորտում, օրենքի տառին ու ոգուն համահունչ:
Ողջունելի է Հայաստանի պատրաստակամությունը գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում: Դա լավ առիթ է նաև Արցախը, որպես ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար:
Այսպիսին են այն հարցերը, որոնց վրա անհրաժեշտ եմ համարել հրավիրել այսօրվա նիստի մասնակիցների ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ ուզում եմ վստահություն հայտնել, որ մեր սերտ փոխգործակցությունը հանդիսանում է կարևորագույն գործոն առաջադրված բոլոր խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ մենք համատեղ ուժերով կյանքի կկոչենք բոլոր ծրագրերը, կապահովենք մեր հայրենիքի դինամիկ և բնականոն առաջընթացը»: