23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոդվածը պատվիրված է. Արա Վարդանյանը՝ «Հայաստանը՝ Կովկասյան վագր» հոդվածի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականությանն ու երեկ վերջինիս արած գրառմանը, որտեղ նա նշում էր, որ «Time» ամսագիրը Հայաստանն անվանել է «Կովկասյան վագր»՝ «տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով»: Վարդանյանն իր գրառման մեջ նշում է, որ հրապարակումը գովազդային է, թվերը՝ սուտ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ձեր փիսիկը մեր վագրին վնաս չէ.

Մի քանի օր առաջ եթերում ասել էի, որ Հայաստանում ներկայիս տնտեսությունը ամբողջությամբ գիտական մակարդակից անցել է խոսակցականի, և արդյունքում ունենք այսպես կոչված «narrative economics», խոսակցական տնտեսություն։ Ինչ է սա նշանակում, պարզ ասած տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսները փորձ է արվում կառավարել ոչ թե գիտական համընդհանուր ընդունված տնտեսական գործիքներով, այլ բառերով։ Վարչապետը հայտարարում է, որ տան գները բարձրացել են և արի ու տես, որ շատ կարճ ժամանակ անց գները բարձրանում են: Վարչապետը հայտարարում է, որ բոլորը լավ են ապրելու՝ արդյունքում գրանցվում է սպառողական վարկերի աննախադեպ աճ, ինչը կրկին պայմանավորված է միմիայն վարչապետի ուղերձով հասարակությանը։ Այսինքն հասարակ մահկանացուները, հավատալով «ամեն ինչ շատ լավ է և ավելի լավ է լինելու» թեզին, իրենց վրա են վերցնում նորանոր վարկային բեռեր, չնայած տնտեսության առումով դրա համար չկա որևէ նախադրյալ։ Այս երևույթի մասին կարելի է շատ երկար խոսել, բայց, ցավոք, այն չունի պրակտիկ լուծում և սովորաբար խոսակցական տնտեսությունը փլուզվում է կոնկրետ մարդկանց կոնկրետ ֆինանսական կորուստներ ունենալու փաստերի ի հայտ գալուց հետո։ Մեզ մոտ դա արտահայտվելու է տասնյակ հազարավոր մարդկանց կողմից վերցված վարկերը մարելու անհնարինությունը զգալուն պես։ Իմ կարծիքով դա առավել ակնհայտ է դառնալու 2020 թվականի կեսին։

Այսօր էլ մեր Վարչապետը և բոլոր լրատվականները թմբկահարում են հեղինակավոր Time ամսագրում Հայաստանի մասին տպագրված հոդվածը՝ Հայաստանը Կովկասյան վագր։ Չեմ կարող չանդրադառնալ այս հոդվածին։ Նախ հոդվածը տպագրվել է, Time ամսագրի գովազդային բաժնում՝ այսինքն սա գովազդ է պատվիրված պատվիրատուի կողմից։ Այս դեպքում կարծում եմ պատվիրատուն ՀՀ կառավարությունն է, կամ առանձին վերցված մեկ անձ։ Հոդվածում նշված թվերը բառիս բուն իմաստով սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Որպես օրինակ նշեմ միայն Doing Business բերված ցուցանիշը։ Հոդվածում գրված է որ Հայաստանը գտնվում է 41րդ տեղում, մինչդեռ Հայաստանը 47րդ տեղում է։ Հոդվածում բերված գրեթե բոլոր ցուցանիշները սխալ են և ըստ ամենայնի տրամադրվել են լավ ասենք, որ լավ լինի տրամաբանությամբ։ Մինչդեռ կար ժամանակ, երբ Հայաստանը առանց պետական պատվերի անվանել են հենց Կովկասյան վագր՝ դա տեղի է ունեցել 2007 թվականին և մեծապես պայմանավորված էր մի քանի տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ գրանցելով։ Այդ գնահատականը Հայաստանին տվել էր Համաշխարհային Բանկը։ Կարծում եմ այսօրվա հոդվածի վերնագիրն էլ հենց այսպես ընտրված չեր։ Ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները ամեն կերպ պայքարում են Նախագահ Քոչարյանի ստվերի դեմ՝ փորձելով ամեն կերպ ցույց տալ, որ իրենք կարան անեն ավելի լավ։ Սակայն պետք է հասկանան, ախր ասելով չէ, անելով է։ Իսկ այս գովազդային հոդվածի արդյունքում մենք կունենանք ևս մի քանի հազար մոլորված քաղաքացի, որոնք ոգևորված գնալու են նորանոր վարկեր ստանալու։ Հիշեք, խոսակցական տնտեսությունը փուչիկի պես է, որը չես կարող անընդհատ փչել, ուշ թե շուտ այն պայթելու է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ