Շեֆն ասել է, ուրեմն պետք է անշեղորեն․․․կրկնել․ Փաստ
«Երբ որևէ ղեկավար հրապարակային ինչ-որ բան է ասում, դա կարող է ընկալվել որպես անուղղակի հանձնարարական: Ու ամենևին պարտադիր չէ, որ հանձնարարական իջեցվի «մասսայականացնել» շեֆի գաղափարները:
«Հռոմի պապից կաթոլիկ» պաշտոնյաների պակաս երբեք չենք զգացել, այսօր՝ առավել ևս:
Դե, այս պարագայում հասկանալի է՝ ով է «Հռոմի պապը»:
Բավական է վերջինս որևէ միտք արտահայտի, անկախ նրանից՝ ճիշտ է, թե սխալ, անմիջապես սկսվում է դրա «տիրաժավորումը», ինչը հավատարմության երդման ու սեփական նվիրումն ի ցույց դնելու պես մի բան է:
Լավ է, որ դեռևս խոսքի տակին ու գլխին հաճախ չենք հանդիպում «ինչպես ասել է մեր մեծ առաջնորդը» ձևակերպումը:
Օրինակ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։
Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ»:
Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Սակայն ամենաուշագրավն այն է, որ տարբեր պաշտոնյաներ այս ընթացքում հերթով անդրադառնում են այս թեմային՝ փորձելով ցույց տալ, թե որքան համաձայն են այդ տեսակետին, թե որքան հանճարեղ միտք է ասվել, թե իսկապես կա դիմադրություն:
Ավելին, ոմանք նույնիսկ սպառնում են, թե աշխատանքից ազատելը ամենամեղմ պատիժն է լինելու: Դե, սպառնալիքները զարմանալի չեն, դրանք այս իշխանության գլխավոր «խաղաքարտն» են:
Սակայն հետաքրքիր է, որ նշյալ պաշտոնյաները հաշվի չեն առնում երկու կարևոր հանգամանք.
առաջին՝ պետական համակարգի մի մաս էլ իրենք են, ու իրենցից շատերն են առաջին հերթին իրենց ապաշնորհությամբ «դիմադրում հեղափոխությանը», և երկրորդ՝ իրենց ոլորտներում աշխատանքների համակարգողն իրենք են, ու եթե չես կարողանում համակարգել, ուրեմն այլ տեղ մեղավորներ փնտրել պետք չէ:
Բայց դե…
Շեֆն ասել է, ուրեմն պետք է անշեղորեն… կրկնել»:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: