Դավիթ Խաժակյանի չեզոքացումը ցույց է տալիս ԼՀԿ-ի որոշակի գծերի ու սահմանափակումների շրջանակը. Դավիթ Բաբայան
Երևանի ավագանու նախկին ՀՀԿ անդամ Գեորգի Գաբրիելյանի խոսքով՝ հասկանալու համար, թե քաղաքապետարանում օրերս ինչ տեղի ունեցավ, պետք է հետհայացք գցել, թե նախորդ տարի ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան:
«Բոլորս տեսանք, որ նախորդ տարի ԱԺ ընտրություններն անցկացվեցին տոտալ ճնշումների ու տոտալ վերահսկողության տակ: Դրա մասին բազմիցս ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նման կերպ ընտրությունների անցկացումը ոչ բարենպաստ էր մյուս քաղաքական ուժերի համար: Առաջարկություն կար, որպեսզի մայիսին անցկացվի ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն վարչապետը դրան դեմ եղավ՝ հասկանալի պատճառներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գեորգի Գաբրիելյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի ավագանու նիստին, որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դիտարկում է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:
Ըստ նրա՝ այս ընտրություններից հետո վարչապետն ինքը հռչակեց ընդդիմությանը և գծեց այն «կարմիր գիծը», որից դուրս բացահայտումներ, ընդդիմադիր հստակ խոսք չպետք է ասեն, որի ապացույցներից մեկն ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպն էր:
«Ավագանու նիստերը միշտ էլ օնլայն հեռարձակվել են, որին հետևել է հանրությունը և տեսել, որ նիստերն անցել են փոխըմբռնման մթնոլորտում, թեև եղել են միջադեպեր, օրինակ, երբ Զարուհի Փոստանջյանը ակցիա էր իրականացնում ավագանու նիստում: Բայց նույնիսկ այդ միջադեպերից հետո չի եղել որևէ քաղաքական ուժ, որը հայտարարի, թե իր թիմի անդամին հետ է կանչում ավագանուց: Մենք տեսնում ենք երևույթ, որն ընդգծում է մի վատ երևույթ, երբ ընդդիմադիր գործիչը, որը հստակ բացահայտում է անում, փորձում են լռեցնել»,- եզրափակեց ավագանու նախկին անդամը:
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի դիտարկմամբ՝ Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանի չեզոքացումը ցույց է տալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշակի գծերի ու սահմանափակումների շրջանակը:
«Ի՞նչ է նշանակում, երբ ԼՀԿ-ն հայտարարում է, թե չեն ուզում պատասխանատվություն կրել «Լույս» դաշինքի այլ գործընկերների հետ կապված: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ մարդուն ավագանիից հետ կանչել այն օրը, երբ նա բացահայտ կեղծիքների մասին բացահայտումներ է անում: Խաժակյանը պարկեշտ անձնավորություն է, նրա քննադատական ռեժիմը կարող է նպաստել ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը: Հետևաբար՝ ստացվում է, որ, եթե մենք այս մեթոդներով ենք շարժվում, ապա լռեցնում ենք բոլոր նրանց, որոնք քննադատում են գործող իշխանությանը»,- ասաց Վահան Բաբայանը:
Նա դժվարացավ ասել՝ ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հետ կապված պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ, սակայն հստակ է, որ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ բացատրությունները տեղին չեն, ինչի համար էլ օգտագործում են որոշակի «տրյուկներ»:
Նրա կարծիքով՝ Դավիթ Խաժակյանը պետք է մնա ավագանիում, և քաղաքապետը պետք է պատասխանի բոլոր այն հարցերին, որոնք իրեն ուղղում են: