Թեժ կրքեր ավագանիում Հայկ Մարությանի տիկնոջ շուրջ. 168 Ժամ
Երևանի ավագանին երեկ արտահերթ նիստում որոշել է մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներով այսուհետև մասնավոր ընկերությունների փոխարեն կզբաղվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկել ՀՈԱԿ-ի ստեղծմանը, քանի որ, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, մրցակցության բացակայությունը կոլապսի է հանգեցնելու:
«Քաղաքային և կենտրոնական իշխանությունները հաճախ ասում են՝ մենք դուրս ենք «իզմ»-երից: Ես ուզում եմ ձեզ ասել, սիրելի գործընկերներ, որ դուք «իզմ»-երից դուրս չեք, այս ամենը, ինչ որ մենք իրականացնում ենք, լավ էլ «իզմ-երի մեջ տեղավորվում է և կոչվում է «սոցիալիզմ»: Դուք գնում եք պլանային տնտեսության մոտեցմամբ և որոշում եք, որ ամեն ինչ պետք է անի համայնքը: Վաղն էլ կարող ենք ասել ասֆալտապատումն ինչու ենք տալիս մասնավորին, եկեք մենք ասֆալտի գործարան բացենք, սկսենք դա անել, շահույթ չենք հետապնդի, ավելի էժան կնստի»,- ասել է ընդդիմադիր Դավիթ Խաժակյանը:
Որպես նոր ՀՈԱԿ-ի տնօրեն շրջանառվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի անունը: Այս պնդումը փոխքաղաքապետն ու քաղաքապետը չժխտեցին: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մեր թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, թե ինչ վիճակի են իրենք ականատես եղել, երբ այցելել են Արմեն Բեգոյանի կառավարած ՀՈԱԿ-ի տարածք, և մտավախություն է հայտնել, որ նա կձախողի նոր ՀՈԱԿ-ի կառավարումը ևս:
«Մենք բազմաթիվ փաստեր բարձրաձայնեցինք, որի վրա քաղաքապետն աչք փակեց, քանի որ պարոն Բեգոյանը քաղաքապետի սիրելին է, ըստ շշուկների՝ քաղաքապետի տիկնոջ մտերիմն է, քաղաքապետի տիկինը, փաստորեն, լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում, որի մասին մենք տեղեկություններ չունենք: Շշուկներ ենք լսում, որ քաղաքապետի տիկինը մասնակցում է գործակարգավարական նիստերին, այսինքն՝ ավագանու անդամները, ում անմիջական լիազորությունն է վերահսկել քաղաքապետի աշխատանքը, իրավունք չունեն մասնակցելու այդ նիստերին, բայց «կողքից, կշտից», ինչպես ժողովուրդն է ասում, բազմաթիվ մարդիկ են մասնակցում»,- ասել է Թեհմինա Վարդանյանը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: