2020 թ. պետք է ցրվի պառլամենտն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն. Էդուարդ Շարմազանով
«Փաշինյանն իր բոլոր ընդդիմախոսներին հակահեղափոխական է համարում: Հիմա էլ ՀՀԿ-ից անցել է ՀՅԴ-ին: Սկսել է դաշնակցությանը հին ու նորի, դրսի ու ներսի բաժանել: Երկու երիտասարդ են գտել, առավոտից երեկո Հ1-ում են պահում, որ իրենց ուզածը լսեն: Նախկինում ՀՀԿ-ին էր անվանում զրո քաղաքական ուժ ունեցող կառույց, հիմա՝ ՀՅԴ-ին: Բա, եթե զրո են, ինչու՞ են առավոտից երեկո այդ «զրո» քաղաքական ուժերի մասին խոսում»,– Yerkir.am-ի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, նրա վարած քաղաքականությանն ու քաղաքական թիմին, ասաց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը նեոբոլշևիկյան է և զբաղված է շատ վտանգավոր քաղաքականությամբ, որը կարող է ՀՀ-ին ծանր իրավիճակում դնել:
«Վարչապետ Փաշինյանը դեմ է դուրս եկել պատգամավոր Փաշինյանին: Պատգամավոր Փաշինյանն ասում էր՝ կարմիր գծեր չպետք է լինեն, արգաչափեր չպետք է լինեն, պարտադիր կուտակային չպետք է լինի, բայց վարչապետ դառնալուց հետո պաշտպանեց այդ բոլորը: Պատգամավոր Փաշինյանը դեմ էր ՀԱՊԿ-ին, հիմա ՀԱՊԿ-ը գովաբանում է: Պատգամավոր Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը շանտաժի միջոցով է ինտեգրվել ԵԱՏՄ-ին, բայց հիմա գնում է նիստերին ու հայտարարում, որ ամեն ինչ շատ լավ է: Պատգամավոր Փաշինյանն արտաբյուջեն անվանում էր կոռուպցիա, բայց հիմա թաքուն պարգևատրում է իր թիմակիցներին: Պատգամավոր Փաշինյանը մշտապես դեմ է եղել պետական վարկառությանը, բայց այսօր ինքն է նոր վարկ վերցնում: Պատգամավոր Փաշինյանը դեմ էր ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, այսօր շնորհակալությունների շարք է շռայլում նրանց»- պարզաբանում է նա:
Շարմազանովն անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանն ու հատկապես «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նրա կարծիքով՝ դա անթույլատրելի քաղաքականություն է և ուղիղ հարված՝ մեր պետականությանը: Նա նաև պնդում է, որ այս կառավարության ծրագրում հայագիտության մասին խոսք չկա, որն ամենաշատն է անհանգստացնում իրեն:
«Երբ ես հայտարարում էի, որ այս իշխանության համար հայագիտությունը երկրորդական է, նրանք հակադարձում էին, թե՝ սաբոտաժ եմ անում: Հիմա տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Ես առաջինն եմ եղել, չեմ ասում առաջիններից մեկը, այլ՝ առաջինը, ով դեռ 2018 թ. Ազգային ժողովում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, Փաշինյանի ու ԿԳՄՍ նախարարի ներկայությամբ հարց է բարձրացրել այդ մասին: Ես հիմնավորել եմ, թե ինչու պետք է եկեղեցու պատմության, լեզվի, գրականության ու հայոց պատմության, ինչպես նաեւ ռազմագիտության դասաժամերը պարտադիր անցկացվեն», – նշում է նա:
Շարմազոնվը դրական է նայում ուսանողական-երիտասարադկան շարժումն՝ ուղղված ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության դեմ՝ ընդգծելով նաև, որ պայքարը պետք է ծավալվի, ընդարձակվի, և ողջ կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջ պետք է դրվի, որովհետև դա, ինչպես հայտնել է վարչապետը, կառավարության ծրագիրն է:
«Ես ողջունում եմ համալսարանի ուսանողների ու ՀՅԴ երիտասարդների, առահասարակ ազգային դիմագիծ ունեցողների ընդվզումը, որովհետեւ դա մաքուր գաղափարական պայքար էր, առանց քաղաքական հետին մտքերի: Բայց խնդիրն այստեղ Արայիկ Հարությունյանը չէ, նրա փոխարեն կարող է մեկ ուրիշը լինել, խնդիրը Նիկոլ Փաշինյանն է: Նա ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ԿԳՄՍ շենքի մոտ, իր պաշտպանության տակ է առել Արայիկ Հարությունյանին: Իհարկե, Արայիկ Հարությունյանը բացասական առումով դերակատարություն ունի այստեղ, բայց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ դա կառավարության որոշումն է, հետևաբար պետք է պահանջել ո՛չ միայն Արայիկ Հարությունյանի, այլև վարչապետի ու ամբողջ կառավարության հրաժարականը»:
Նա վստահաբար պնդում է՝ 2020 թ. պետք է ցրվի պառլամենտն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որովհետև 3/5-րդը գտնվում է Նիկոլ Փաշինյանի վերհսկողության տակ, վերջինս էլ անում է այնպես, ինչպես ուզում է:
Շարմազանովը վիրավորական է համարում վարչապետի քաղաքականությունը, ավելին՝ նա գտնում է, որ հաճախ Փաշինյանն ուղղակի ծաղրում է ժողովրդին.
«Վարչապետը կառավարության նիստի ժամանակ հարց է բարձրացնում, թե՝ Սորբոնում սովորող ուսանողի համար հայերենը պարտադի՞ր է: Դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է նման հարց բարձրացնել ու մանիպուլացնելով՝ ձեռք առնել ժողովրդին: Այստեղ, առաջին հերթին, խոսքը գնում է պետության և կառավարության վերաբերմունքի մասին, այդ ինստիտուտներն ի՞նչ վերաբերմունք ունեն հայագիտության հանդեպ, կամ Սահմանադրության մեջ մենք ի՞նչ դեր ենք տվել հայ եկեղեցուն: Ի՞նչ է նշանակում ընտրության իրավունքը տալ բուհերին, իսկ պետությունն այդտեղ անելիք չունի՞: Եթե սա հանդուրժենք, վաղը դպրոցներին ինքնավարություն կտան՝ որոշելու, հայագիտական առարկաները պե՞տք են, թե՞ ոչ: Բա պետությունն ինչի՞ համար է: Իհարկե այդ առարկների ուսուցանումը բարեփոխման կարիք զգում են, բայց բարեփոխումը մի բան է, քանդելը՝ մի բան»-պարզաբանում է Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը հիշում է նաև, որ տարիներ առաջ էլ նման լսումներ եղել են, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են եղել:
«Այդ լսումների ժամանակ դրան և՛ ես եմ դեմ արտահայտվել, և՛ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ես բոլորին,այդ թվում համալսարանների ղեկավարներին, հայտնել եմ, որ ինձ համար հայագիտությունը ստրատեգիական նշանակություն ունի և դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Այն պետությունը, որն ամեն օր գտնվում է պանթյուրքիզմի վտանգի տակ, իրավունք չունի նման որոշում կայացնելու: Հայագիտությունը մեր երկրում պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց դպրոցներում իրենց չեղած պատմությունն են անցնում, պենք մեր եղածը մերժե՞նք», – պատմում է նա:
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի ու պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպմանը, Շարմազանովը կրկին խիստ դիտարկումներ արեց. «Ինչպե՞ս կարելի է հարցն այնքան պրիմիտիվացնել, որ ԿԳՄՍ նախարարը դասախոսի հետ վատ տոնով խոսի միայն այն բանի համար, որ նա Իշխան Սաղաթելյանի հորաքույրն է, կամ ի՞նչ է նշանակում դասախոսներին հանդիպել ու ասել, որ նրանք դասաժամի կռիվ են տալիս: Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար ազգային գաղափարախոսություն, այդ արտահայտությունների ու պահվածքի համար նույն օրը պաշտոնանկ կաներ Արայիկ Հարությունյանին: Բայց եթե չի արել նման բան, ուրեմն ինքը հովանավորում է ո՛չ միայն օրենքի նախագիծը, այլև՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ նման տոնով խոսելը: Սա՞ է մեր կառավարության քաղաքականությունը»:
Գիշերօթիկների փակման նույնպես վրդովեցրել է Շարմազանովին: Նա այդ քայլը համարում է խայտառակություն, որովհետև պետությունն անում է մի բան, որի հետևանքներն անվերհսկելի են: Նա այդ ամենը կապում է նաև նոր իշխանությունների՝ ամեն տեսակ հինը մերժող քաղաքականության հետ:
«Այս մարդիկ հնի ամեն ինչը մերժում են, սրանք նեոբոլշևիկներ են, նախկինի թե՛ լավը, թե վատը մերժում են, կարևորն իրենք են: Գիշերօթիկների փակումը նաև հակաքրիստոնեկան է, այդ երեխաներն ի՞նչ են անելու, ու՞ր են գնալու, ինչպե՞ս են ապրելու, կամ կառավարությունը փակվածի տեղն ի՞նչ է բացելու: Որևէ բան քանդելուց առաջ դրա փոխարեն պետք է նվազագույնը ավելի լավ բան կառուցել: Սա շատ վատ քաղաքականություն է, մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նրանց մանիպուլացնելով՝ իրենց ծրագրերն առաջ են տանում: Վաղն էլ Արցախի հարցում են այդպես անելու, արդեն խոսում են ինչ-որ ադրբեջանական համայնքի մասին: Սա կառավարություն չի, սա հեղափոխական կոմիտե է: Ես Նիկոլ Փաշինյանի հրակարակավ ասել եմ, որ ինքը երկու ճանապարհ ունի կամ դառնում է բոլորի վարչապետը՝ և՛ իրեն ընտրողների, և՛ չընտրողների, և՛ համակիրների, և՛ ընդդիմադիրների, կամ դառնում է հեղափոխական կոմիտե, և բոլշևիկների պես իրենցից այնկողմ ոչ մեկին չի տեսնում: Ի դեպ, ՀՅԴ-ին քարկոծելու քաղաքականությունը բոլշևիզմի լավագույն ապացույցն է», – փաստում է ՀՀԿ անդամը, ում համոզմամբ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետի պահվածքը, նման կերպ բղավելը խոսում է պարտվողականության ու նահանջի մասին:
«Առաջ ասում էր՝ տնտեսական աճը փայլուն է, հիմա ուրիշ բան է ասում», – եզրափակեց Էդ. Շարմազանովը:
Գևորգ Գյուլումյան
yerkir.am