Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք. Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով:
«Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ և ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորև։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երևանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը։
Նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը 3975-Ա քաղաքապետի որոշմամմ Հրաչյա Սարգսյանին գործուղել է արտասահման նոյեմբերի 5-ից 13-ը ժամանակահատվածով։ Ինչպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից ծանոթանում ենք քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին Հայկ Մարությանի և Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորությունները կատարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ Օրենքի) 48-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ ամրագրում է, որ «Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ»։ Սա քաղաքապետի առաջին տեղակալի բացառիկ իրավասությունն է, քանի որ վերջինս հանդիսանում է ավագանու անդամ, այդպիսով լինելով քաղաքապետից հետո գործադիր պաշտոն զբաղեցնող միակ պաշտոնյան, ով իրավասու է իրականացնելու քաղաքապետի բացառիկ լիազորթյունները, ինչպիսիք են քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ընդունելը, ստորագրելը։
Ներկայացրած հանգամանքներից և Օրենքից բխում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի կարող փոխարինել քաղաքապետին և չունի իրավասություն կատարելու քաղաքապետի բացառիկ լիազորությունները՝ մասնավորապես քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ստորագրելը։ Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից և կարգադրություններից կարող ենք տեսնել, որ հիշյալ ժամանակահատվածում Հայկ Սարգսյանը ստորագրել է 7 տասնյակից ավել այդպիսի փաստաթղթեր։
Այս գործողությունները անհրաժեշտ ենք համարում դիտարկել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի ներքո, քանի որ Հայկ Սարգսյանի կողմից իրացվել է մի լիազորություն, որը վերջինիս Օրենքով վերապահված չէ, այդպիսով անցնելով պաշտոնեական լիազորությունները։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր լիազորությունները Հայկ Սարգսյանին փոխանցվել են առանց իրավական պատշաճ հիմքերի, նույն հոդվածի շրջանակներում պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպք պետք է դիտարկել նաև քաղաքապետի կողմից։
Քրեական օրենսգրքի 309 հոդվածը պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպք է համարում պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություն կատարելը, որը ակնհայտորեն դուրս է նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության օրինական շահերին։
Քաղաքպետի խորհրդական Կարեն Համբարձումյանը նույն օրվա ավագանու նիստի ընթացքում արեց հետևյալ հայտարարությունը «օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը ևս կարող է բացակայել։ Դրանք կարող են լինել բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված…»։ Սա նշանակում է, որ Հայկ Սարգսյանին քաղաքապետի լիազորությունները փոխանցելիս քաղաքապետարանը գիտակցել է, որ օրենքը չի կարգավորում նման դեպք, ինչը նշանակում է, որ այդ գործողությունը կատարվել է գիտակցաբար։ Կ. Համբարձումյանը շարունակելով միտքը նշում է, որ այդուհանդերձ «հիմք է ընդունվել Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը, որի հիման վրա դուք (քաղաքապետը) հանձնարարել եք քաղաքապետի (առաջին) տեղակալ Հրաչյա Սարգսյանին անհետաձգելի դեպքերի ի հայտ գալու կամ գործուղման մեկնելու դեպքում նշանակել փոխարինող Հայկ Սարգսյանին»։
Օրենքի 48-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ «Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ լիազորություններ»։ Այս դրույթի հիման վրա Հայկ Սարգսյանի կողմից քաղաքապետի փոխարինումը ոչ միայն իրավական առումով է հիմնազուրկ, այլ նաև դուրս է տրամաբանության շրջանակներից, քանի որ այդ դատողությունից բխում է, որ ցանկացած անձ ում քաղաքապետը կարղ է հանձնարարել իրականացնել «այլ լիազորություններ», վերջինիս կարող է վերապահվել քաղաքապետի բացառիկ լիազորությունները։ Այս դատողության հիպոթետիկ ճշմարտացիության դեպքում քաղաքապետը իր օգնականներին ևս կկարողանար վերապահել քաղաքապետին փոխարինելու լիազորությունը, որի հետևանքը և իշխանության հեղինակությանը հասցված վնասը կարող է լինել նույն չափ, որքան քաղաքապետի առաջին տեղակալ չհանդիսացող տեղակալների կողմից քաղաքապետի փոխարինումը։
Այսպիսով հիմք ընդունելով վերոգրյալը գտնում եմ, որ.
ա) քաղաքապետը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները հանձնարարելով Հրաչյա Սարգսյանին քաղապետի փոխարինող նշանակել Հայկ Սարգսյանին,
բ) քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ակնհայտորեն անցել է իր լիազորությունները ստորագրելով քաղաքապետի տասնյակ որոշումներ և կարգադրություններ։
Գտնում եմ, որ անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հիման վրա հարուցել քրեական գործ՝ վերհանելու նկարագրածս հանգամանքները և գնահատելու հասարակության և պետության օրինական շահերին հասցված վնասը։
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև մեկ այլ հանգամանքի վրա, որը հիմք է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար։ Բանն այն է, որ խնդրո առարկա հանդիսացող քաղաքապետի կարգադրությունով քաղաքապետը մեկնել էր արձակուրդի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը ժամանակահատվածով, մինչդեռ թե՛ ավագանու անդամներիս, թե՛ հանրությանը հայտնի էր, որ քաղաքապետը պետք է վերադառնար աշխատանքի նոյեմբերի 4-ին։ Իմ ունեցած տեղեկություններով կեղծվել է քաղաքապետի կարգադրության փաստաթուղթը՝ հետին թվով ստորագրելով այն և վերացնելով մինչև նոյեմբերի 4-ը արձակուրդ գնալու նախնական կարգադրությունը(ները)։
Այն որ քաղաքապետի արձակուրդից վերադառնալը ի սկզբանե նախատեսված է եղել նոյեմբերի 4-ին փաստում են մի շարք հանգամանքներ.
ա) «Հայկական ժամանակ» լրատվական կայքին քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ Մարությանը արձակուրդից կվերադառնա նոյեմբերի 4-ին, նույնն է փաստում նաև «Հրապարակ» լրատվական կայքի մեկ այլ հրապարակում,
բ) քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նոյեմբերի 4-ին քաղաքապետի որոշումների ցանկում կարող ենք տեսնել տասնյակ որոշումներ, որոնց տակ գրված է Հայկ Մարությանի անունը, ինչը հիմք է տալիս կատարելու ողջամիտ ենթադրություն առ այն, որ աշխատակազմը, որը պատրաստել է քաղաքապետի որոշումները այդ օրը ստորագրելու համար ակնկալել է իր վերադարձը հենց այդ օրը։
Ձեր կողմից համակողմանի քննությամբ կարծում եմ հնարավոր է նաև ստանալ և համադրել Հայկ Մարությանի կողմից գնված ավիատոմսերը, որով նախնական վերադարձը նախատեսված էր այնպես, որ նա պետք է աշխատանքի անցներ նոյեմբերի 4-ին։
Այս հանգամանքների վերհանումը ցույց կտա, որ նոյեմբերի 4-ին, երբ պարզ է դարձել, որ քաղաքապետ չի վերադառնալու աշխատանքի այդ օրը, վերացվել է նախկին կարգադրությունը և կեղծվել նորը՝ ինչ-ինչ պատճառներով նպատակ ունենալով քողարկել այն հանգամանքը, որ քաղաքապետը չի վերադարձել աշխատանքի նախատեսված օրը։
Տեղեկացնում եմ նաև, որ ս.թ. դեկտեմբերի 16-ին հարցմանս ի պատասխան ինձ տրամադրվել է քաղաքապետի արձակուրդի վերաբերյալ կարգադրությունը, որտեղ տեսանելի է Մարությանի ստորագրությունը: Տեղեկացնում եմ, որ ինձ մոտ է նույն փաստաթղթի նախնական տարբերակը, որն իմ պնդմամբ կեղծվել է հենց նոյեմբերի 4-ին, որը սակայն ևս փոխարինվել է և կարծես քաղաքապետն անձամբ է ստորագրել նոր տպված կարգադրությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ հարուցել քրեական գործ և համակողմանիորեն քննել ներկայացվածը, քանզի գործ ունենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և փաստաթղթերի կեղծման հիմնավոր կասկածի հետ։
Հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու քննությանը և մատնանշելու բազմաթիվ այլ հանգամանքներ», – ասված է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդման մեջ։