Նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Ձեզ նման բան է «փոխանցել». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին
Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ վերջինս հայտարարել էր. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իմ նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ հորդորում էր իմ ընկերներից մեկի միջոցով, որ ես փախնեմ Հայաստանից, որովհետև Նիկոլը հրաման է տվել՝ ինձ բռնեն»:
«Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք Ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ»,-գրել է Անդրանիկ Քոչարյանը:
Նրա ձևակերպմամբ՝ Ռուբեն Հայրապետյանը, հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով, փորձում է տարածել կեղծիքներ:
Նրա խոսքով՝ այդ հայտարարության պատճառն այն է, որ ոստիկանությունը նրա բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»:
«Դուք,մշտապես Ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին՝ նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, Ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթն իրականացնող մարմինը:
Այնպես որ, հանգիստ նստեք Ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին Ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես Ձեզ վստահեցնում եմ` հետագայում Դուք անսահմանափակ ժամանակ կունենաք՝ արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:
Հարգանքով` Ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»,-գրել է Անդրանիկ Քոչարյանը: