23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ևս ընդդիմանում են հեղափոխությանը. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2019-ը նախապատրաստական էր. այսօր նախարար Զարուհի Բաթոյանն ամփոփում էր տարին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ Կառավարության նիստում արած հայտարարությունը, թե՝ «պետական համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը», Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է՞լ է վերաբերում, Զարուհի Բաթոյանը պատասխանեց՝ այո:

«Դիմադրություն, այո, կա: Ես շնորհակալ եմ իմ տեղակալներին, որովհետև նրանք ինձ հետ միասին, ի հեճուկս այս ամենի, աշխատել են: Ունենք աշխատակիցներ, որոնք ցանկանում են աջակցել բարեփոխումներին և աջակցում են, ունենք աշխատակիցներ, որոնք ուզում են աջակցել, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ներառյալ՝ մասնագիտական հմտությունները, չեն կարողանում, ունենք աշխատակիցներ, որ չենք նկատում, որ իրենք ցանկանում են օգնել, թեև կարող են: Մենք աշխատակիցներ ներգրավել ենք, բայց նրանց թիվը մեծ չէ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը փոխանցեց՝ կառուցվածքային փոփոխություն են իրականացնելու նախարարությունում, բայց «երրորդ սեռի» որևէ վարչություն կամ բաժին չեն ունենալու: Այդպիսի բաժին ստեղծելու նախարարության «մտադրության» մասին մամուլը գրել էր այս տարի ամռանը: Առողջապահության նախարարության առաջարկած «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսվող առողջության 6 տոկոս հարկին Զարուհի Բաթոյանը կողմ է:

«Առողջության ապահովագրությանը շատ լավ եմ նայում, ես՝ որպես սոցիալական ոլորտի պատասխանատու, ուրախ ու երջանիկ կլինեի ու անհամբերությամբ սպասում եմ դրան, որովհետև մեր ոլորտի բազմաթիվ խնդիրներ միանգամից կլուծվեն: Գուցե մենք այնտեղ շատ ռեսուրսներ ներդնենք, բայց մեր ոլորտում շատ լուրջ ռեսուրսներ կարող ենք խնայել: Մարդիկ հաճախ դիմում են սոցիալական որևէ կարգավիճակ ստանալու՝ հիմնականում, որպեսզի առողջապահական ծառայություն ստանան»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աղքատության հաղթահարման ծրագիր է սկսել: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատ է ամեն 4-րդ մարդը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական խոստումներում պնդում էր՝ մինչև 2023 թվականը 10 տոկոսով իջեցնելու են աղքատությունը: Պահպանվելո՞ւ են խոստացված ժամկետներն ու տոկոսները:

«Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արդեն 2.2 նիշով իջել է աղքատությունը: Կարծում եմ՝ այո, կպահպանենք դա: Մի կարևոր բան կա, աղքատության հաղթահարումը սոցիալական ոլորտի խնդիր չէ, մենք մեղմում ենք աղքատությունը, խորացումն ենք կանխում, բայց նպաստի և աջակցության միջոցով աղքատությունը վերացնելը շատ ռոմանտիկ է հնչում: Պետք է ստեղծենք աշխատանքի հնարավորություն»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Աշխատանք կա, աշխատող չկա՝ պնդում է նախարարը: 4000 թափուր աշխատատեղ կա, որոնց համար աշխատող չի գտնվում: Զարուհի Բաթոյանն ասում է՝ նպաստառու ընտանիքներում ապրող ու աշխատանքի ունակ, բայց չաշխատող մարդկանց աշխատանք կառաջարկվի, երկու անգամ դրանից հրաժարվելու դեպքում՝ ընտանիքը կզրկվի նպաստից: Աշխատանքի անցնելու դեպքում՝ նպաստը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև ընտանիքն ու սոցիալական աշխատողը գան համատեղ եզրակացության, որ այլևս պետք չէ դիմել նպաստի համար:
Արդեն 13 օր է՝ փակ են Գյումրու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները, Գյումրու թիվ 2 գիշերօթիկը, որտեղ 66 երեխա կա, կշարունակի գործել մինչև հունիսի 25-ը:

«Մենք ունենք մեկ ճգնաժամային կենտրոն, ևս երկուսը ստեղծում ենք՝ Գյումրիում և Սյունիքի մարզում, որտեղ երեխաները ժամանակավոր խնամք կստանան այն պարագայում, երբ դեռ ընտանիք վերադառնալը հնարավոր չէ: Երեխաներն այնտեղ կմնան առավելագույնը 6 ամիս, արտառոց դեպքերի համար կունենանք հնարավորություններ, որևէ երեխա չի կարող դրսում մնալ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ