24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը անտեսում է փորձագիտական հանրույթի հետ կարևոր հարցերը քննարկելու անհրաժեշտությունը. Հայտարարություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ու գործընկեր կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ։  

«Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:  

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայտարարում ենք, որ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է։ Պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերության՝ գովազդային շուկայից օգտվել-չօգտվելու հարցը նախկին իշխանությունների օրոք միշտ լուծվել է կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ու կոնկրետ բիզնես-խմբերի շահերից, այլ ոչ թե հիմնվելով վստահություն ներշնչող հաշվարկների ու լուրջ փաստարկների վրա։ Որևէ հիմք չունենք ենթադրելու, որ ներկայիս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջով, և այդ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոլորտում մասնագիտացված կառույցների շրջանում։

Արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը։

Անընդունելի և աչառու համարելով նշված օրինագծին կից հիմնավորումները՝ մենք պահանջում ենք.

1.Արդարադատության նախարարությունից՝ շրջանառությունից հանել վերոհիշյալ փաստաթուղթը և կազմակերպել բաց քննարկում Հանրային հեռուստատեսությամբ գովազդ հեռարձակելու հարցի վերաբերյալ,

2.Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրապարակային դիրքորոշում արտահայտել հանրային հեռարձակողի՝ բյուջետային հատկացումներից բացի, գովազդային շուկայից օգտվելու անհրաժեշտության առնչությամբ,

3.Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդից՝ լրացուցիչ և առավել համոզիչ հիմնավորումներ՝ բյուջետային ֆինանսավորման անբավարարության և գովազդ հեռարձակելու հրատապության վերաբերյալ, ինչպես նաև՝ պարզաբանումներ, թե ինչու են այդ խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները համաձայնեցվում բացառապես իշխանությունների հետ, և անտեսվում է այլ շահագրգիռ կողմերի կարծիքը։

Հայտարարությունը ստորագրել են.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ