Աննա Հակոբյանը կանանց կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ է անում կանանց այս Նոր տարին դիմավորել այլ ձևով։
«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ», – Facebook-ում գրել է Աննա Հակոբյանը։
Ավելի վաղ, Նոր տարին տանը չդիմավորելու կոչ էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա բոլորին դեկտեմբերի 31-ի գիշերը հրավիրել էր Հանրապետության հրապարակ։
Վարչապետը նշել էր նաև՝ խնդիր է դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի։
«Ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, նոր երգը պետք է այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան «Jingle bells»-ը կամ «Happy birthday»-ը։ Երեկ իմացա, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում։ Մենք պրոցեսը այնքան պետք է շարունակենք, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որը իր պոպուլյարությամբ կհաղթի գլոբալ երգերի հետ ու կմրցակցի «Jingle bells.-ի կամ «Happy birthday»-ի հետ», – ասել էր վարչապետը։