Ասում եք՝ մանիպուլյացիա եք անում. աա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. Գևորգ Պետրոսյան
Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ԱԺ մեծամասնությանը դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է տալիս 2 տարի աշխատած դատավորին գնալ վաստակած հանգստի՝ հարկատուի հաշվին, սա անընդունելի է», – նշեց պատգամավորը։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին նկատեց՝ որոշ մարդիկ «մանիպուլյացիա» բառը դարձրել են տերունական աղոթքի նման մի բան։
«Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա եք անում: Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում: Սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք։ Եկեք իրար հանդեպ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չեք ունենում, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է», – իր խոսքն ամփոփեց Պետրոսյանը։