«Ադեկվադ»-ը դիմել է դատարան ընդդեմ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատարի
«Ադեկվադ» միաբանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է.
«Այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով հանցագործության մասին հաղորդում ընդունելուց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարվելը:
Ինչպես հիշում եք, ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցկացնելու համար: Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր: Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք: Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան: