Հայաստանում տարեցտարի աճում է թմրամոլների թիվը
Հունիսի 26-ը թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը ներկայացրեց տվյալներ ՀՀ-ում հաշվառված թմրամոլների մասին: Նա տեղեկացրեց, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով 5 022 թմրամոլ կա հաշվառված, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ-ում հաշվառված է եղել 4 428 թմրամոլ:
“Վիճակագրությունը ներառում է Առողջապահության նախարարության տվյալները, քանի որ կան մարդիկ, որոնք երբևէ չեն դիմել բժշկական հաստատություններին”,- նշեց Պետրոս Սեմերջյանը:
Բանախոսի հավաստմամբ հաշվառված թմրամոլների թիվ տարեցտարի ավելանում է:
“Տասը տարի առաջ 183 հաշվառված թմրամոլ կար: Սակայն սա չի նշանակում, թե տարիներ առաջ թմրամոլներ չկային, պարզապես նրանք սկսել են ավելի շատ դիմել բուժհաստատություններին, սրան նաև նպաստում է այն հանգամանքը, որ թմրամիջոցի միայն օգտագործելը քրեորեն պատժելի չէ”,- ասաց գլխավոր նարկոլոգը:
Պետբյուջեի միջոցներով տարեկան 160 միլիոն դրամ գումար է ծախսվում հիվանդների բուժման համար:
Պետրոս Սեմերջյանը փաստեց ,որ բուժումն իրականացվում է կամավոր և հարկադիր: