23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր թալա՞ն․ «Գոլդեն Փելեսի» աճուրդի վայրի տարբերակը

Օրեր առաջ անդրադարձել էի  Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի սպասվող  աճուրդային վաճառքին, որը նախատեսվում է դեկտեմբերի 18-ին, շեշտելով, որ այս իրավիճակում գոյություն ունի երկու տարբերակ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի պետությանը «նվիրած» հյուրանոցային համալիրի գնահատված արժեքը  7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է՝15.7 մլն դոլար։

Եւ այսպես, առաջին տարբերակի դեպքում գնորդ չի գտնվի, իսկ երկրորդի դեպքում, այնուամենայնիվ, գնորդ կհայտնվի, բայց սա նվազ իրատեսական տարբերակ է, եւ սա ունի երկու բացատրություն՝ տնտեսական եւ մարդկային։

Զուտ տնտեսական առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման խոշոր գործարքներ։ Եւ կա ավելի կոշտ գործոն՝ մարդկայինը։

Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը:

Չմոռանանք, որ Խաչատուր Սուքիասյանը չի էլ թաքցնում, որ մտադիր է դատական ճանապարհով հետ բերել «Բձնին»: Կարելի է ենթադրել, թե ինչ ազդեցություն կունենա դատարանի որոշումը հետագա բոլոր գործարքների եւ աճուրների վրա, որոնք կապված կլինեն պետությանը «նվիրած» կամ պետության կողմից բռնագրավված գույքի հետ:  

Այս հրապարակումից   հետո արձագանքեր ստացա, որ գոյություն ունի նաեւ երրորդ տարբերակը.

Եւ այսպես, ո՞րն է երրորդ տարբերակը: Աճուրդն անցկացվում է, բայց գնորդ չի հայտնվում: Այսպես մի քանի փորձ, որից հետո գինը նվազում-նվազում է, հասնելով աննկարագրելի ցածր կետի, որից հետո հայտնվում է X գնորդը՝ «իրենց մարդը», որը կոպեկներով ձեռք  է բերում այն։  

Բայց այսպես կարող է լինել մեկ-երկու դրվագում, այն էլ աղմուկը փոքր չի լինի։ Իսկ եթե իշխանությունը որոշեց տոտալ գնալ այդ ճանապարհով, «նվիրած», բռնագանձված գույքը իրենցով անելու ճանապարհով, ապա դա կլինի ամբողջովին այլ գործընթաց. նոր թալանի, նոր օլիգարխիկ համայնքի ձեւավորման գործընթաց։

Սա սեփականության վերաբաշխման ճանապարհն է եւ ինչ-որ իմաստով հիշեցնում է 90-ականների  վայրի սեփականաշնորհման տարիները, երբ մեկ տասնյակի մոտ ընտանիքներ վաուչերներով, այլ կերպ ասած՝ կոպեկներով ձեռք բերեցին հայաստանյան նյութական հարստությունը եւ արտադրական ռեսուրսները: Երկիրը թալանվեց, ձեւավորվեցին առաջին հիմնադիր օլիգարխները։ Անուններ հիշեցնե՞լ… բոլորը գիտեն։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ