23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանին սթափվելու կոչ է անում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել։

«Հ. Յ. Դաշնակցության վերաբերյալ վարչապետի` Ազգային ժողովում հնչեցված մերկապարանոց հայտարարությունն անհանդուրժողականության, փաստերը խեղաթյուրելու և պետության կառավարման պատասխանատվությունն անհավասարակշիռ քաղաքական վարքագծով փոխարինելու դրսևորում է:

Շահարկելով երկրում առկա բազմաթիվ բացասական երևույթները,  խախտելով սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները՝ Ն. Փաշինյանը ձգտում է միահեծան իշխանության` նախկին անընդունելի դրսևորումների մերժումը վերածելով անցյալի ուրացման, չխորշելով անգամ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու դրանք մարմնավորող ուժերին նսեմացնելուց:

Լավագույն ապագա կերտելու՝ հանրության երազանքը, հույսն ու քաղաքական երկխոսության պահանջները բախվում են բարեփոխումներ իրականացնելու անկարող իշխանության ագրեսիվ վարքագծին:

Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները՝ մոռանալով, որ անցումային կառավարություն ձևավորելիս գործընկերություն էր փնտրում Դաշնակցության հետ և պատասխանատու պաշտոններ վստահում:

Ժողովրդին պառակտելու` Ն. Փաշինյանի՝ անվերապահորեն հաջողված ձեռքբերումն ու տեխնոլոգիան փորձ է արվում տարածել Դաշնակցության վրա: Դաշնակցությունը մեկն է, և Դաշնակցությունը պաշտպանվելու կարիք չունի: Դաշնակցությունն իր անցյալի, իր ժառանգության տերն է, իր բացթողումները խմբագրելու կամք և ունակություն ունի: Նաև հստակ է ՀՅԴ հանձնառությունը` ծառայել պետականությանը, բայց ոչ՝ օրվա իշխանություններին և քաղաքական կոնյունկտուրային:

Դաշնակցությունը  շարունակելու է իր առաքելությունը` խորապես անհանգստացած  Հայաստանի ներկայով, երկրում վարվող անհեռատես ու անհավասարակշիռ պոպուլիստական քաղաքականությամբ, ստի և կեղծիքի մոլեգնող իրողությամբ, երկրի ներքին և արտաքին ռիսկերը դիմագրավելուն անպատրաստ իշխող քաղաքական թիմի գործունեությամբ:

Կոչ ենք ուղղում Ն. Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում, լուծել երկրի առջև օրեցօր ահագնացող  մարտահրավերները:

Դիմում ենք ողջախոհ հանրությանն ու քաղաքական ուժերին՝ համախմբվել երկիրն այս անհեռանկար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ