Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Արա Վարդանյանը դեռ ազատ չի արձակվել, բայց գրավը թույլատրվել է, և շուտով ազատ կարձակվի: Այս մասին հայտնել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Դատարանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշում է կայացրել:
Մեզ հետ զրույցի պահին փաստաբաններն ուղևորվում էին դեպի մեկուսարան, որտեղից պետք է ազատ արձակվի Արա Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ յուրացում կատարելու համար:
Հիշեցնենք, որ Վարդանյանի փաստաբանները կարծում են, թե իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը չէր կարող առնչություն ունենալ։
Փաստաբանները տեսակետ էին հայտնել, որ նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։
Գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում: