Իմ տեղակալն իմ կուրսընկերն է, ՔՊ կուսակցության հիմնադրման ընթացքում մեզ շատ է աջակցել. Արարատի մարզպետ
Իմ տեղակալն իմ «բաջանաղը» չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե փոխմարզպետի պաշտոնին նշանակել է իր քենակալին:
«Տեղակալս իմ կուրսընկերն է՝ Նազարեթյան Արտավազդը: Իր հետ սովորել ենք ԵՊՀ «միջազգային հարաբերությունների» ֆակուլտետում, ընկերներ ենք, այժմ ինքն իմ տեղակալն է, ոչ մի «բաջանաղ» չկա»,- ասաց Սարգսյանը՝ նշելով նաև, թե երբ հիմնադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նազարեթյանն իրենց շատ է աջակցել: «Նա մեզ հետ ակտիվ, ամեն հարցերում զբաղվել է: Ցանկացած հարցում աջակից է եղել մեր ցանկացած քայլին»,-ասաց նա:
Հարցին՝ Նազարեթյանն ի՞նչ արդյունավետ աշխատանք է կատարել, որ արժանացել է մարզպետի տեղակալի պաշտոնին, Սարգսյանն արձագանքեց, թե այդպես տեղակալներ չեն նշանակում: «Նա գաղափարակից, սկզբունքային ընկեր է մեզ համար, այդ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին»:
Հարցին՝ կոռուպցիա չի՞ համարում ընկերոջը մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակելը, քանի որ հովանավորչությունը ևս դրա տեսակներից է, մարզպետն արձագանքեց. «Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ, որովհետև վարչապետն է նշանակում: Նրան ոչ միայն ես եմ առաջարկում, այլև՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է առաջարկում ու երաշխավորում: Եթե վարչապետը գտնում է, որ տվյալ մարդուն կարելի է նշանակել այդ հաստիքին, այդ պաշտոնում՝ նշանակում է: Դուք հիմա ո՞ւմ եք մեղադրում հովանավորչության, կոռուպցիայի մեջ»:
Անդրադառնալով տեղեկություններին, թե իր պատվերով ծեծել են իրեն արտահերթ չսպասարկած վարսահարդարին՝ մարզպետն ասաց, որ այժմ քննություն է ընթանում և երբ ավարտվի, իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը:
Մարզպետն ասաց նաև, թե մամուլի այն հրապարակումը, համաձայն որի՝ Մասիսի քաղաքապետն իրեն 150,000 դրամ արժողությամբ գրիչ է նվիրել և միասին խնջույքի են մասնակցել, չի համապատասխանում իրականությանը:
«Իմ և Մասիսի քաղաքապետի միջև աշխատանքային հարաբերություններ են: Ես արձակուրդում եմ գտնվել, երբ այդ լուրը մամուլում տարածվել է, եղել է ժամանակ, որ ես նաև հանրապետությունից եմ բացակայել»,-ասաց Սարգսյանը:
Վերջինս չանդրադարձավ կոկորդիլոսաբուծարանի բացման վերաբերյալ հարցին, ներդրումների վերաբերյալ դիտարկմանն էլ արձագանքեց. «Ներդրումները կլինեն, կտեսնեք»: