«Բրատիսլավային ընդառաջ…». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի այցը Բաքու հատկանշական էր վաղը Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ:
Դեռ երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևը կրկին խաղարկեց Փաշինյանի “Արցախը Հայաստան է” արտահայտությունը և Լավրովից ստացավ ընդհանուր համաձայնություն իր բացասական գնահատականի առնչությամբ:
Այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսն էլ ավելի խոսուն էր: Ադրբեջանական կողմը կրկին իր ամպլուայի մեջ էր. “поэтапный подход”, “субстантивные переговоры”, “возвращение беженцев и переселенцев”, “урегулирование должно привести к процветанию” և Արցախի հարցին վերաբերող նեյրոլինգվիստիկ ծրագրավորման այլ հնարքներ և մանտրաներ:
Ուշագրավ են նաև արտգործնախարարների մեկնաբանությունները Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որով նա կոչ էր անում ՀԱՊԿ երկրներին դադարել զենք վաճառել Ադրբեջանին: Լավրովի կարծիքից պարզ դարձավ, որ այդ համագործակցությունը շարունակվելու է, իսկ Մամեդյարովն ակնարակեց նոր ռազմատեխնիկական գործարքների մասին:
Սակայն մամլո ասուլիսի մեխը կարծեք թե այլ էր՝ հավասարության նշան դնել Արցախի իշխանությունների և Արցախի «ադրբեջանական համայնքի» միջև, ինչին ի պատասխան ռուսական կողմն ընդհանրական բնութագիր տվեց, որ «համայնքների միջև շփումները պետք է վերականգնվեն, իսկ Ղարաբաղի ապագան որոշելու է ԼՂ ողջ բնակչությունը»: