23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը կեղծ տվյալներ է ներառել 2017թ. հայտարարագրում․ Antifake.am

Antifake.am-ը գրում է․ «Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով հաստատել էր Երևանի ռեստորաններից մեկում հարազատներին խաշ հյուրասիրելու համար 290.000 դրամ «հաշիվ փակելու» տեղեկությունը։

Միրզոյանն իր գրառմամբ անդրադարձել էր նաև այն հարցին, թե արդյոք սովորական աշխատավարձով հնարավոր է նման շռայլ ծախսեր անել՝ նշելով, որ մինչև պատգամավոր դառնալը ներկայիս աշխատավարձից կրկնակի վարձատրվող աշխատանք է ունեցել.

«Նաև պնդում է արվում, թե ես այդպիսի բան ինձ նախկինում չէի կարող թույլ տալ, ու անգամ իմ ապառիկները չէի կարողանում փակել։ Ասեմ, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ես շատ բարձր վարձատրվող աշխատանքներ եմ ունեցել։ Ասենք՝ այժմյան աշխատավարձիս շուրջ կրկնակին»,- նշված է Միրզոյանի գրառման մեջ։

Հասկանանք, թե որքան աշխատավարձ է ստանում Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և հաշվենք, թե որքան աշխատավարձ է ստացել իր՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալը կատարած աշխատանքի համար։

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2019 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66.140 դրամ։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հավելվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 18 է։

Ուստի ՀՀ ԱԺ նախագահի՝ 2019 թվականի պաշտոնային դրույքաչափը ամսական 1.190.520 ՀՀ դրամ է, իսկ հարկված՝ 851,174.4 դրամ։

Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ մինչև Աժ պատգամավոր դառնալը նա վաստակել է ներկայիս աշխատավարձի շուրջ կրկնակին, այսինքն՝ շուրջ 1 միլիոն 700 հազար դրամ։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններով՝ «ԵԼՔ» դաշինքի ցուցակով։ Միրզոյանը պատգամավորի մանդատը ստացել և Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնել է մայիսի 17-ին։

Արարատ Միրզոյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա, մինչև պատգամավոր դառնալը, վերջին 4 տարիներին՝ 2014-2017թթ., աշխատել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտում որպես քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման  փորձագետ։ Ստացվում է, որ իր գրառման մեջ նշած աշխատավարձը Միրզոյանը ստացել է հենց այս կառույցում աշխատելիս։

Պարզելու համար, թե 2017թ.-ին Արարատ Միրզոյանը քանի ամիս է աշխատել այս հաստատությունում, հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԺ նախագահին։ Վերջինիս աշխատակազմը սկզբում գրավոր հարցմամբ պատասխանեց, որ ԱԺ նախագահի կենսագրությունն հրապարակային ներկայացված է։ Մեր այն դիտարկմանը, որ վերջին աշխատանքից ազատման ամիսը և ամսաթիվը նշված չէ Միրզոյանի կենսագրության մեջ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը նախ խոստացավ ԱԺ նախագահի մամլո խոսնակից ճշտել և ասել, ապա մեզ հետ կապվեց Միրզոյանի ռեֆերենտ Լուսինե Բաղդասարյանը, ով պնդեց, որ Արարատ Միրզոյանի կենսագրության մասին տեղեկություն ստանալու համար դիմենք այն կազմակերպություն, որտեղ աշխատել է Միրզոյանը, «քանի որ Արարատ Միրզոյանը չի հիշի ազատման ամիս-ամսաթիվը»։ Մենք նշեցինք, որ գոյություն ունի աշխատանքից ազատման հրաման, որտեղ նշվում է աշխատակիցների ազատման օրը, ամիսը և տարին, սակայն Բարսեղյանը շարունակաբար պնդում էր այդ հարցով դիմել տվյալ կազմակերպությանը։ Մեր պնդումները, որ Արարատ Միրզոյանի կենսագրության վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավասու անձը հենց Միրզոյանն է, ռեֆերենտը չընդունեց և հրաժարվեց տրամադրել մեզ անհրաժեշտ տեղեկությունը, ապա սկսեց ոչ կոռեկտ և վիրավորական արտահայտություններ անել AntiFake.am-ի հասեցին՝ փաստացի չարաշահելով իր դիրքը և շրջանցելով էթիկայի բոլոր նորմերը։ Ռեֆերենտի կողմից տեղեկությունը չտրամադրելու հետևողական «ջանքերն» ու նման ջղաձգված պահվածքը առնվազն խոսում է այն մասին, որ մեր հարցման մասով աշխատակազմը թաքցնելու բան ունի։

Այժմ տեսնենք, թե ինչ է ներկայացրել 2017թ.-ին Միրզոյանն իր՝ պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում։ Այսպես, Արարատ Միրզոյանը 2017թ.-ին պատգամավորի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում նշել է, որ պատգամավորի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմում են 500.000 ՀՀ դրամ։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝

«4. … հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.

1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները»։

Ենթադրելի է, որ իր վերջին աշխատանքը Արարատ Միրզոյանը կատարել է մինչև պատգամավորի մանդատը վերցնելը կամ մինչև որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելը (այս ենթադրությունը հավաստի է դառնում նաև նրանով, որ ԱԺ նախագահի աշխատակազմը հետևողականորեն խուսափեց մեզ տրամադրել Արարատ Միրզոյանի վերջին աշխատանքից ազատման ամիսը և ամսաթիվը)։ Այսինքն՝ 2017 թվականին Միրզոյանն առնվազն 3 ամիս աշխատել է փորձագետի պաշտոնում՝ յուրաքանչյուր ամիս ստանալով 1.700.000 դրամ աշխատավարձ։

Հետևաբար՝ Միրզոյանի՝ աշխատավարձից ստացած եկամուտները մինչև պատգամավոր դառնալը կազմել են շուրջ 5 միլիոն դրամ։

Ստացվում է, որ Միրզոյանն իր գրառմամբ «պատահաբար» հանրությանը տեղեկացրել է իր կողմից ներկայացված հայտարարագրում կեղծիք կատարելու մասին և 2017 թ. պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներառել է կեղծ տվյալներ՝ 5 միլիոն դրամ աշխատավարձի տեսքով եկամուտների փոխարեն նշելով 500.000 դրամ, ինչը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։

ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) համաձայն՝

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նշենք, որ Արարատ Միրզոյանի դեպքում կիրառելի կլինի սույն հոդվածի 2-րդ մասը, քանի որ այս հոդվածի իմաստով առանձնապես խոշոր չափ է համարվում 1 միլիոն դրամը գերազանցող գումարը։

AntiFake.am-ը դիմելու է դատարան ընդդեմ ԱԺ-ի՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել ՀՀ ԱԺ աշխատակազմին տրամադրել Արարատ Միրզոյանի վերջին աշխատանքից ազատվելու ամիսը և ամսաթիվը։

Իսկ մինչ այդ կոչ ենք անում իրավապահ մարմիններին և նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ օգտագործելով իրենց լիազորությունները պարզել նշվածի հավաստիությունն ու ձեռնարկել համապատասխան քայլեր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ