ԱԺ քննիչ հանձնաժողովը պարզապես պարտավոր է այս առնչությամբ լսել Նիկոլ Փաշինյանի փաստերն ու հիմնավորումները. Շարմազանով
Քառօրյա պատերազմում Ադրբեջանը ձախողվել է եւ իր առջեւ դրած որեւէ ռազմավարական խնդիր չի կարողացել լուծել՝ տալով մի քանի անգամ ավելի շատ զոհ, քան արցախյան կողմը: Ադրբեջանը չի կարողացել գրավել որեւէ բնակավայր:
Պատերազմից հետո Բաքուն բանակցային գործընթացում դիվանագիտական ապտակ է ստացել միջազգային հանրության կողմից. Երեւանի դիրքերն ամրացել են ի դեմս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ Ժնեւի օրակարգերի, որոնք ի դեպ, Փաշինյանի թեթեւ ձեռքով այսօր «հաջողությամբ թաղվել են»:
Ապրիլյան պատերազմում թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում Ադրբեջանը պարտվել է, եւ սա փաստ է ի հեճուկս այն դեմագոգների եւ պատերազմից հեռու սազանդարների, որոնք մինչ օրս փորձում են հայ ժողովրդի հերոսական մաքառումը որպես պարտություն ներկայացնել: Ի դեպ, օրվա վարչապետը, այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը հայարարում էր, թե այս պատերազմը պատերազմ էր Ադրբեջանի ԵԱՏՄ մուտքի համար՝ պայմանավորված Ռուսաստանի հետ:
Հիմա նույն Փաշինյանը ծպտուն չի հանում ժամանակին իր ամպագոռգոռ հայտարարությունների վերաբերյալ: Եւ շարունակում եմ պնդել, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը պարզապես պարտավոր է այս առնչությամբ լսել Նիկոլ Փաշինյանի փաստերն ու հիմնավորումները:
Շարունակում եմ լավատես լինել, թե մի օր վերջապես վարչապետը դուրս կգա սկանդալների, «կախարդական փայտիկների սիրահարի», սրան-նրան անհիմն պիտակավորելու եւ ինքն իրեն սրբացնելու անհեռանկար կերպարից եւ գոնե ինքն իրեն կխոստովանի, որ Ապրիլյան պատերազմում Հայաստանի Հանրապետությունը հաղթել է եւ վերջ: Այս մասին գրառել է ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: