Սիրիացի ապստամբները ռազմաճակատով մեկ գրոհում են
Անցած գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում չեն դադարել թեժ մարտերը, հաղորդում է “НТВ” հեռուստաընկերությունը: Ապստամբները, որգեւորված պաշտպանության նախարարի եւ մի քանի այլ բարձրաստիճան անձանց վրա “հաջող հարձակումից”, ամբողջ ռազմաճակատով մեկ գրոհ են սկսել: Իրավապաշտպանների տվյալներով` վերջին օրերի ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Միջազգային հանրությունը տարակարծիք է նախօրեին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության հանդեպ: Արեւմուտքը, որն աջակցում է ապստամբներին, փաստացի գնահատել է դա որպես բեկումնային պահ եւ ալ-Ասադի վարչակարգի շուտափույթ անկման նշան: Ռուսաստանը եւ Իրանը վճռականորեն դատապարտել են կատարվածը: Նույն կարծիքն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը:
Ահաբեկչության հետ կապված հետաձգվել է Սիրիայի վերաբերյալ հերթական բանաձեւն ընդունելու քվեարկությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մասնակիցներին առաջարկվել է 2 նախագիծ` չափավոր ռուսական եւ խիստ արեւմտյան: Ընդ որում, դրանցից մեկն ընդունելու հավանականությունը հավասար է զրոյի, քանի որ ԱԽ-ի անդամները դեռեւս զիջումների չեն գնում փաստաթղթերի տեքստերի շուրջ:
Վերջին փորձերն արվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից: Նախօրեին Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են սիրիական հարցը: Նրանց գնահատականն իրավիճակի վերաբերյալ նույնն է, սակայն կարգավորման վերաբերյալ տեսակետները տարբերվում են: