29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահն ընդունել էր անվանի շախմատիստներին

 ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է “Հայաստանի զարգացման նախաձեռնություններ” հիմնադրամի եւ “Ակրոնիս” ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին եւ աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանին։

Հանրապետության Նախագահը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է “Հայաստանի զարգացման նախաձեռնություններ”-ի նույն ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ “Պարալելս”, “Ակրոնիս” ընկերությունների եւ “Սկոլկովո” հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:

Հանդիպմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ ծրագրի նպատակն է՝ Հայաստանն իր հաջողություններով ու առանձնահատկություններով ներկայացնել աշխարհին եւ զարգացման նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրում այդ եւ հեռանկարային մի շարք ոլորտներում:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ հիմնադրամի առաքելությունը, ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաեւ շախմատի նկատմամբ Հայաստանում ձեւավորված վերաբերմունքը. “Ուրախ եմ, որ այստեղ է նաեւ Լեւոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, եւ կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լեւոնի հետ, եւ առաջին հերթին նաեւ նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաեւ, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, “Հայաստանի զարգացման նախաձեռնություններ” հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մագնուս Կառլսենը եւս մեծ պատիվ է համարել իր բնորոշմամբ՝ շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը. “Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը եւ խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը՝ այսպիսի մոտեցմամբ եւ, հատկապես, շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է”,-ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի գիտական, կրթական ներուժին, շախմատի եւ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ