25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե Գևորգ Կոստանյանը 48 ժամում չներկայանա, ՀՔԾ-ն «կգործի ըստ օրենքի»

Եթե 48 ժամում նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը չներկայանա նախաքննական մարմնին, ապա Հատուկ քննչական ծառայությունը կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ 2008-ի՝ 10 մարդու կյանք խլած մարտյան իրադարձությունները քննող ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավել նախկին Գլխավոր դատախազ Կոստանյանին, որն արդեն երկու ամիս է բնակվում և աշխատում է Մոսկվայում։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում Կոստանյանն ասել է, որ քննիչին ժամանակին հայտնել է, որ Մոսկվայում աշխատում է, դասընթաց է վարում, և կվերադառնա այն ավարտելուց հետո։ Կոստանյանը սակայն նաև խոստովանել է, որ ՀՔԾ-ի դրսևորած «հրատապությունը իր համար կանխատեսելի էր»․ – «Եվ առնվազն սեմեստրն ավարտվելու հետո, ես ինքս չէ՞ պատրաստակամություն հայտնեցի, որ ներկայանալու եմ: Եվ այս հրատապությունը ինձ համար կանխատեսելի էր, բայց ոչ ողջամիտ և ոչ նորմալ էր իրավական տեսակետից: 48 ժամվա ընթացքում օբյեկտիվորեն հնարավոր չէ ներկայանալ»:

48 ժամում հնարավոր է արդյո՞ք Մոսկվայից հասնել Երևան․ լրագրողների այս հարցին Սասուն Խաչատրյանը հակադարձեց. – «Ես էլ այդ հարցը ձեզ եմ տալիս՝ դուք իրատեսակա՞ն եք համարում 48 ժամվա մեջ Մոսկվայից գալ Երևան»:

ՀՔԾ-ը դեռ չի մանրամասնում, թե ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Կոստանյանին և ինչ խափանման միջոց է ընտրելու։ Սակայն Մարտի 1-ի գործով անցնող մեկ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին հաղորդագրությունում շոշափվում էր նաև Գևորգ Կոստանյանի անունը։

Ըստ դեռ սեպտեմբերին արված հրապարակման, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ու մեկ այլ պաշտոնյա չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները և նպատակ են ունեցել թաքցնել սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև՝ պարտակել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

Ըստ ՀՔԾ-ի, Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցներ: Շղթայում ներգրավված է եղել նաև նախին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Վերջինս Մարտի 1-ի գործով մեղադրյալ է, ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին, ինչպես նաև հայտարարել է որ չի ընդունում մեղադրանքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ