Տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ․ Փաշինյանը՝ Ալիևի մասին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում:
«Օրինակ, Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: Ինչո՞ւ: Որովհետև նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եվրոպացի երկրպագուները կանգնեցվել են ոստիկանության կողմից: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի քաղաքացի մի վարորդ ձերբակալվել է միայն այն բանի համար, որ լսում էր հայ երաժշտի ստեղծագործություն հանդիսացող մի երգ: Իսկ անցյալ տարի մենք ունեցել ենք դեպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացներ հանդիսացող անձանց թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների: Ինչպե՞ս է այս իրավիճակը առնչվում Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության հետ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: «Corriere della Sera»-ը նշել է, որ Ադրբեջանը հայերին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի համար ռազմական ագրեսիայի մեջ և պնդում է, որ ՀՀ վարչապետն առանձնահատուկ կոշտ է: Այս դիտարկմանը ՀՀ վարչապետն արձագանքել է՝ վերհիշելով հայ սպա Գուրգեն Մարգայանի սպանությունը:
«Հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնի հարվածներով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտահանձնվեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունվեց որպես ազգային հերոս, նրան ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա ստացավ պաշտոնի բարձրացում և ապահովվեց Բաքվում բնակարանով»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Այն դիտարկմանը, թե պատմության և դրա անգամ սարսափելի հետևանքների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի գնահատականները տարբերվում են, ՀՀ վարչապետը նշել է, որ առկա է հակամարտություն, և այն պետք է լուծվի:
«Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, ով նման բան է հայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատությունների արժանացա: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին: Որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը: Ես հույս ունեի, որ նախագահ Ալիևը իմ հայտարարությանը նման հայտարարությամբ հանդես կգա: Մեկ տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ այդ մասին: Եթե դա տեղի ունենա, մենք իրական առաջընթաց կունենանք բանակցություններում: Հուսով եմ, որ եվրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել այս բանաձևը. Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես կհասկանայի, եթե Ադրբեջանի նախագահը նախ և առաջ նշեր Ադրբեջանի ժողովրդին: Ընդունելի կլիներ»,-հավելել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանին մտահոգում է Սիրիայի տարածք թուրքական ներխուժումը:
Խոսելով Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով ի հայտ եկած փախստականների խնդրից՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այս ընթացքում 20 հազար սիրիացի փախստական է ընդունել:
«Բնակչության թվաքանակի հետ հարաբերակցությունը հաշվի առնելով՝ ընդունած փախստականների թվով մենք 3-րդ տեղում ենք: Մենք երեք միլիոն բնակիչ ունենք: Սիրիացի փախստականներին օգնության ձեռք մեկնելը մեզ համար բարոյական առաքելության նման բան է: Սիրիան երկիր, որին պետք է օգնել: Մեզ համար սա նախ և առաջ հումանիտար օգնության հարց է: Տարվա սկզբին մեր երկիրը հատուկ առաքելություն ուղարկեց այնտեղ՝ բուժանձնակազմ, քաղաքացիական ականազերծողներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչու է սիրիացիներին օգնելը հայերի համար բարոյական առաքելության նման բան համարվում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սիրիացի ժողովուրդը բազմաթիվ հայերի է փրկել կայսրության ռազմական ուժերից:
«Այդ պատճառով այժմ, երբ սիրիացիները տառապում են, մենք չենք կարող մի կողմ քաշվել: Ուրախ եմ, որ կարող ենք մեր բարոյական պարտքը հատուցել: Մեր բժշկական անձնակազմը բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ է իրականացրել: Սիրիացի շատ կանայք և երեխաներ են բուժվել հայ բժիշկների կողմից: Ականազերծողների կողմից սիրիացի երեխաների համար տարածքներ են ազատվել, որտեղ նրանք կարող են ապահով խաղալ»,-հավելել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի:
«Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»,-նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այն շատ կարևոր քայլ է: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները:
«Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Նա իր երախտիքն է հայտնել Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Վարչապետն ընդգծել է, որ աշխատում են օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար: