16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«ՀՀԿ-ն էլ էր պայքարում կոռուպցիայի դեմ, երևի մեր խնդիրն այն էր, որ դանդաղ էինք գնում, պոպուլիստական հայտարարություններ էլ չէինք անում». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ այսօր աշխատանքից ազատված Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսիսյանը պրոֆեսիոնալներ և բարձր պատասխանատվություն ունեցող մարդիկ են։

«Չեմ կարծում, որ աշխատանքում թերացումը լինի, ու դա լինի ազատման պատճառը, դա բացառում եմ։ Նրանք փայլուն տիրապետում են մեր զինված ուժերին։ Մեր իշխանություններն այնքան անտրամաբանական գործողություններ են անում, որ ընդհանուր տրամաբանության մեջ բարդ է գնահատական տալ, հավանաբար կան պատճառներ, որոնք դեռևս հայտնի չեն»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց  Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նա, սակայն, չի բացառում, որ պաշտոնից ազատված կադրերի տեղափոխություն լինի, անգամ Արցախում նշանակվեն նրանք նոր պաշտոնների։

Հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Ն. Փաշինյանի՝ Ֆրանսիայում հնչեցրած այն հայտարարությունը, թե՝ «1.5 տարվա ընթացքում  ձեռք է բերվել այնքան զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել  տեսանելի ժամանակահատվածում», Ա. Զաքարյանը հիշեցրեց, որ և՛ «Իսկանդերը», և՛ «Սմերչերը», և՛ այլ զինտեխնիկա Հայաստանը ձեռք է բերել իրենց՝  հանրապետականների կառավարման տարիներին։

«Մենք մեծ ծավալով՝ առանց փոխհատուցման, ռազմական օժանդակություն ենք ստացել Ռուսաստանից, մեր ժամանակ է ստորագրվել և ամբողջությամբ իրականացվել 200 մլն դոլարի ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերումը, մեր ժամանակ է բանակցվել և ստորագրվել 100 մլն դոլարի արժեքով  պայմանագիրը, որի իրականացումը տեղի է ունեցել հենց Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ։ Կարծում եմ՝ հենց այդ պայմանագիրը նկատի ունի վարչապետը, որովհետև այդ 100 մլն դոլարով մենք բանակցել էինք շատ լուրջ տեխնիկա գնելու համար։ Կարծում եմ՝ սա նկատի ունի, որովհետև բացառապես Փաշինյանի իշխանության ժամանակ կնքված պայմանագրեր ինձ հայտնի չեն, անձամբ տեղյակ չեմ»,- ասաց  Զաքարյանը։

Անդրադառնալով  ներքաղաքական զարգացումներին՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ վերջերս մասնակցել է «Վերնատուն» ակումբի համագումարին՝ հրավիրյալի կարգավիճակով, և իր համար կարևոր էր լսել ընթացող գործընթացների վերաբերյալ ակումբի անդամների կարծիքներն ու հնչեցրած գնահատականները։

«Այդ ակումբում կան և՛ փորձառու պրոֆեսիոնալներ, և՛ նոր երիտասարդ ուժեր, որոնք հիմա գտնում են, որ մենք գտնվում ենք այնպիսի քաղաքական իրավիճակներում, որոնք հղի են բազմաթիվ վտագներով, այդ թվում և՝ կենսական»,- ասաց  Զաքարյանը։

Հարցին՝ արդյոք օրակարգում իշխանափոխության հարցը կա՞ դրված, նախկին պատգամավորը պատասխանեց. «Իշխանափոխությանը կամ գործող իշխանությունների հրաժարականին քաղաքական համակարգը պետք է պատրաստ լինի, կարծում եմ՝ պատրաստ չէ հիմա»։

Իսկ հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Հանրապետական կուսակցության  ակտիվությունը, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Քանի դեռ իշխանությունը հանգիստ չի թողնում Հանրապետականին, այդքան ժամանակ ՀՀԿ-ն ակտիվ է լինելու»։

Միաժամանակ Ա. Զաքարյանը հավելեց. «Հանրապետականը քաղաքականության մեջ եղել է, կա և լինելու է»։

Խոսելով իշխանության վարած հակակոռուպցիոն պայքարի մասին՝ Ա. Զաքարյանը նկատեց, որ կոռուպցիայի դեմ «պատերին տալով և ասֆալտին փռելով» չեն պայքարում։

«Եթե այդպես լիներ, հիմա Իրանում պետք է վաղուց կոռուպցիան բացառված լիներ։ Վախով, մարդկանց բռնել-բաց թողնելով, դատական, քրեական գործընթացներ ստեղծելով՝ կոռուպցիայի դեմ չեն պայքարում։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համակարգված և խիստ վերահսկելի ձևով»,- ասաց  նախկին պատգամավորը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Հանրապետականը տասը տարվա ընթացքում այդ տարբերակով չպայքարեց կոռուպցիայի դեմ, նա պատասխանեց. «Մեր իշխանության ժամանակ յուրաքանչյուր տարի այդ  պայքարը բարելավվել է։ Մեր խնդիրը երևի այն է եղել, որ մենք դրան դանդաղ էինք գնում և պոպուլիստական հայտարարություններ չէինք անում, կամ էլ՝ մարդկանց ցուցադրական բռնում, փողը վերցնում ու բաց թողնում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ