Խորը մտահոգություն … Գործարարի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն Վարչապետ
Արդեն 20 տարի է, ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնելով հայրենական տնտեսության մեջ,քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ, ինչը ազդեցիկ նախապայման է հանդիսացել ընկերությունը մայր հայրենիքում հիմնադրելուն:
Անկեղծանալով նշեմ, որ իմ արտերկրյա բազմաթիվ հայ և այլազգի գործընկերներ, լավատեղյակ լինելով ընտրության այն լայն հնարավորությանը, որն ունեինք այդ շրջանում՝ կապված առավել կայուն և անվտանգ երկիր ընտրելու բազմաթիվ առաջարկ-տարբերակների հետ, իրենց տարակուսանքն էին հայտնում իմ կայացրած որոշմանը:
Ինչևէ, այս ընթացքում մեր ընկերությունը վերածվել է ՀՀ խոշոր հարկատուներից մեկի, որը տարեկան միլիոնավոր դոլարների կայուն մուտքեր է ապահովում պետական բյուջե՝իր համեստ մասնակցությունը բերելով մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Այդ իրողությունն ինձ համար կարևոր է,բայց ոչ գլխավորը:
Իսկ գլխավոր նպատակը եղել և մնում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ստեղծումը, որոնց առկայությամբ միայն մենք կկարողանանք դիմագրավել մեր հարևանների կողմից պարտադրված տնտեսական մրցակցությանը: Հայաստանյան մեկ-երկու վերազգային կորպորացիայի առկայությունն արդեն իսկ բավական կլինի թելադրողի դիրք գրավելու մեր մրցակից հարևանների հանդեպ՝ իրենց ունեցած ահռելի բնական պաշարներով հանդերձ :
Մեր ընկերության երկարաժամկետ հեռանկարի այդ նպատակի իրականացմանն են ուղղված բոլոր մեր քայլերը առ այսօր, և արդեն իսկ բավական տպավորիչ արդյունքներ ունենք գրանցած՝ Ճապոնիայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև Մերձավոր Արևելք 22 երկներներում ունենալով վստահելի գործընկերներ և կայուն արտահանում իրականացնելով:
Միջազգային շուկայում ունենալով մրցակցային մի շարք առավելություններ, ակտիվ աշխատանքներ ենք տանում արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու համար: Կատարվում են անհրաժեշտ ներդրումներ՝ ուղղված ժամանակակից սարքավորումների ներմուծմանը, նորարարական տեխնոլոգիաների մշակմանն և արտադրական հզորություների մեծացմանը:
Իմ հայաստանյան գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չեմ ունեցել հատուկ վերաբերմունքի արժանանալու նկրտումներ պետության, օրվա իշխանության կողմից՝ խստիվ գործելով օրենքի և օրինականության շրջանակներում,երբևէ չեմ փնտրել հովանավորներ իշխանական բարձրագույն օղակում,նաև կտրուկ հակադարձելով նույն այդ օղակից հովանավորվելու ցանկացած ակնարկի:
Բնույթով լինելով ազգային և պետական մտածողության արժեհամակարգի կրող և ելնելով իմ կարգավիճակից երբևէ չեմ հարել քաղաքական որևէ հոսանքի, ընդգրկված չեմ եղել քաղաքական որևէ գործընթացի մեջ,երբևէ չեմ հայտնել հրապարակային կարծիք որևէ քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բացառությամբ այն մեկ-երկու դեպքերի,երբ խոսքը վերաբերվել է համաժողովրդական և համազգային օրակարգային հարցերին՝ այն անդրդվելի համոզմամբ, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն: Աշխատել եմ բարձրաձայնելուց առավելագույնս զերծ պահել սոցիալական այն օժանդակությունները, որոնք ցուցաբերվել են իմ անձնական միջոցների հաշվին և իմ կամովին հանձնառությամբ:
Արարողակարգային քաղաքակիրթ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին և վարչապետերին, ում հետ առիթ եմ ունեցել անձնապես շփվելու և որևէ մեկի գաղափարակիցն ու աջակիցն համարվելու ցանկություն և կարիք երբևէ չեմ ունեցել Նմանօրինակ մղում չունեմ նաև այժմ, երբ երկրի ղեկին Դուք եք կանգնած, և իմ այս հրապարակային խոսքը ոչ խնդրանք է, ոչ պահանջ և ոչ էլ, քավ լիցի,Ձեր և Ձեր իշխանության քաղաքական գնահատական :
Ընդամենը ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որևէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ, որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության…մեղմ ասած : Դրան գումարած նաև մեր ընկերության գործունեության մասին «Սուր անկյուն» կոչվող հաղորդաշարարի կողմից տարածված բացահայտ շինծու, ընդհուպ Ամուլսարի հետ համեմատության եզր տարվող,մեր ընկերության հեղինակազրկմանն ուղղված տեղեկատվության տարածումը ավելի ամբողջական են դարձնում մեր մտահոգության դրդապատճառը : Նվեր Սարգսյան
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: