30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաճա՞խ է պատահել, որ գովեն ու մեծարեն ձեզ: Մարդկային բոլոր փառքերն անցողիկ են, եւ Փրկիչը դա գիտեր

Անվամբ Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբոյ. Ամեն

«Ձեր ականջների մեջ պահեցե՛ք դուք այս խոսքերը. որ մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը» (Ղուկ. 9:44):

Աստծո Խոսքը սիրող եղբայրնե՛ր եւ քույրե՛ր, հաճա՞խ է պատահել, որ գովեն ու մեծարեն ձեզ, բարձրացնեն ձեր անձն ու անունը: Ոմանք խուսափում են, որոշները  կարիք ունեն գնահատանքի, մի մաս էլ անգամ որոնում է այն միջավայրն, ուր կգովեն, կմեծարեն իրեն ու իր անունը:

Մարդկանց գնահատանքն ու շնորհակալությունը, անշուշտ, կարեւոր են եւ ոգեւորիչ՝ շարունակելու եւ հարատեւելու հատկապես անանձնական բարի ծրագրերի եւ նախաձեռնությունների մեջ: Այստեղ արժե հիշել ժողովրդի մեջ ասույթի վերածված խոսքը. «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»: Հատկապես բարի գործը դարերով է հիշվում: Պարզ ժողովուրդը սիրով եւ շնորհակալությամբ էր լցված Տեր Հիսուսի նկատմամբ՝  բժշկությունների, հավիտենական կյանքի, հույսի եւ փրկության մխիթարիչ խոսքերի, իրենց ներկան եւ ապագան աստվածային սիրով լցնելու եւ ջերմացնելու համար: Շատերը կարող են ասել, որ մարդկանցից ստացած գնահատանքի, սիրո եւ շնորհակալության առումով Հիսուս թերեւս փառքի գագաթին էր: Աշակերտների համար դրան գումարվել էր Թաբոր լեռան վրա աստվածային փառքով երեւալը եւ Հորից վկայվելը:

Գուցե փառավորված Քրիստոսի հետ փառք ստանալու միտքն էր պատճառը, որ աշակերտների միջեւ վեճ ծագեց, թե ով է իրենցից մեծ, ինչպես մարդկանց մեջ էլ հաճախ առաջինը երեւալու եւ մարդկանցից փառավորվելու մրցակցություն ու վեճ է առաջանում: Մարդկային ամենահին թուլություններից է սա՝ գիտակցաբար արվի, թե անգիտակից կերպով, ակամա ստացվի, թե կամավորաբար: Չէ՞ որ շատ մարդիկ էլ սիրում են, երբ ծափահարում են իրենց, երբ բարձր հնչում է իրենց անունը եւ բոլորի ուշադրությունն ու հայացքներն իրենց են ուղղված: Առաքյալներն էլ մարդ էին եւ մարդկային էր այս ձգտումը…

Կանգ առնենք այս պահին եւ մտածենք. ինչո՞ւ է մարդ ձգտում ուրիշներից փառավորվելու, մյուսների համեմատ  մեծ երեւալու, անունը զանազան տեղերում գրվելու, հիշատակվելու, սերունդներից հիշվելու… Պատասխանները զանազան կարող են լինել, բայց փաստ է նաեւ այն ճշմարտությունը, որ մարդը ներքուստ ձգտում ունի անմահ լինելու, ժամանակակիցների եւ հաջորդ սերունդների մոտ անմահ անուն թողնելու: Այս առումով շատերին տարօրինակ կարող է թվալ Հիսուսի անուղղակի հանդիմանությունն աշակերտներին, դրանով նաեւ՝ բոլոր այսպես մտածողներին:

Մեծ երեւալու վեճի մասին, երբ Հիսուս հասկացավ նրանց սրտի խորհուրդները, մի մանուկ վերցրեց, կանգնեցրեց նրանց մեջ՝ իր մոտ եւ ասացՏերն այս օրինակով պատասխանեց. «Ով որ այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում, իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ» (Ղուկ. 9:47-48):

Նկատե՞լ եք, թե ինչպես են հաճախ մանուկները ամոթխածորեն խուսափում շատ գովասանքներից եւ ամենքի ուշադրության կենտրոնում լինելուց: Նրանց ավելի ձգում են մանկական խաղերն ու միջավայրը, ուր նրանք ավելի երջանիկ են զգում իրենց: Հաճախ ավելի ծնողներն են ձգտում բեմեր եւ հեռուստատեսային եթերներ հանել իրենց զավակներին՝ դրանից ավելի շատ իրենց փառավորված զգալով:

Դարերով եկած փորձառության արդյունք են այն բյուրավոր օրինակները, երբ շնորհակալությունն ուղղում են բարի առաջադիմություն, արարք եւ վարք ցուցաբերած մանուկի ծնողներին եւ կրթողներին, գովաբանում նրանց դաստիարակությունը, խնամքն ու անձնական օրինակը: Մանուկը պարզ հայելի է, որի միջոցով երեւում են իր ծնողի եւ ուսուցչի իրական ձգտումները: Սա է պատճառը, որ վատ արարքի եւ վարքի պատճառով հաճախ հանդիմանվում են ծնողներն ու դաստիարակները: Պատմում են, որ երբ Արիստոտելը փողոցում տեսնում է անշնորհք պահվածքով մի պատանու, գնում եւ ապտակում է նրա դաստիարակին:

Մենք Աստծո զավակներ ենք մեր մկրտությամբ, մեր ուսուցիչը Քրիստոս է, մեր հոգին ու ներաշխարհ կրթողը՝ Տիրոջ Հոգին: Եթե մանուկ լինենք Տիրոջ առաջ, մանկան պես կանգնենք մեր Հոր դիմաց, կեղծ գովասանքներից ու փառավորումներից էլ զերծ կմնանք: Տեր եւ Ուսուցիչ լինելը պատասխանատվություն է, սեփական զրկանքով զավակիդ խնամելու, սնուցելու, դաստիարակելու մեծ ու չարչարալից ճանապարհ: Մենք հաճախ ենք ասում, որ մեր զաւակներն Աստծուց պարգեւ եւ ընծա են մեզ:

Բայց շատ ավելի հաճախ մոռանում ենք նվիրողի, զավակին մեզ Շնորհողի կամքը: Չէ՞ որ Իրենն ենք ե՛ւ մենք, ե՛ւ մեր զավակները, Իրենն ենք՝ իբրեւ զավակ, որդի եւ դուստր: Սրա համար է Աստված ուզում, որ ծածուկ պահելով մեր բարի գործերը՝ փառքը ոչ թէ մարդկանցից, այլ Իրենից՝ հավիտյանների Տիրոջից, երկնքի եւ երկրի Արարչից, մեր երկնավոր Հորից ստանանք. «Որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնուն է ինչ որ ծածուկ է , կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6:3):

Զավակի արարքի գնահատանքը ծնողին է հասնում. լավ ու բարի արարքի դեպքում՝ գովասանք եւ շնորհակալություն, վատ ու ստրո արարքի դեպքում՝ պարսավանք, ամոթ եւ հանդիմանություն («Որովհետեւ Աստծո անունը ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է» (Հռոմ. 2:24): Մեր արարքներով մեր հոգիների Հայրը պետք է գովաբանվի եւ փառավորվի. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջեւ, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16):

Ծնող լինելը պատասխանատվություն է: Եթէ Աստծուն իբրեւ մանուկ եւ Իր զավակ ենք մոտենում, մեր սխալների, մեղքերի եւ հանցանքների համար կրկին մեր Ծնող Աստված Իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը: Մեզ բուժելու, վերականգնելու, կենդանացնելու եւ փրկելու համար Հայրը Միածին Որդուն առաքեց երկիր՝ մահվան արժանի մեր մեղքերից ազատելու եւ խաչի մահով մեզ փրկագնելու:  Աստծո այս հայրական խնամքի եւ զոհողությանբ արտահայտումը պիտի լինի նաեւ հոգեւորականի՝ հոգեւոր հօր միջոցով, որ Պոլսո Հակոբ Նալյան պատրիարքը   սահմանում է այսպես. «Հոգեւորականի համար գահ չկա, հոգեւորականի համար խաչ կա»:

Ծնողը միշտ սիրում է իր զավակին՝ անգամ եթե զավակը չի գիտակցում, մանուկ է կամ դեռ անհաստատ: Առաքյալն էլ իր կոչով սա է ակնարկում՝ ասելով. «Սիրենք Աստծուն, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ» (Ա Հովհ.4:19): Փաստ է, որ ծնողի նկատմամբ մանկան սերն ավելի բուռն է, ազնիվ ու անկեղծ, քան մեծացած եւ իր գործերով ու կենցաղով տարված մարդու: Մանկան սիրով սիրենք ու փարվենք Աստծուն: Ծնողը գիտի, որ գուցե մեծանալով՝ զավակը տարուբերվի կյանքի փոթորիկներում, երբեմն կասկած ունենա իր սովորած սկզբունքների նկատմամբ, ապա անդրադառնա եւ վերադառնա, բայց իր զավակին մեկ ակնթարթ անգամ չի դադարում սիրել: Այս օրինակը շատ ավելի հասկանալի է դարձնում մեզ Աստծո սերը:

Մարդկային բոլոր փառքերն անցողիկ են, եւ Փրկիչը դա գիտեր. «Ձեր ականջների մեջ պահեցե՛ք դուք այս խոսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»: Առաքյալներին Տերը սա ասաց մարդկանցից ստացած փառքի գագաթին: Սա օրինակ է՝ ցույց տալու մարդկանց փոփոխվող ու աստվածային անփոփոխ, հավիտենական սերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթության արժանացրի» (Երեմ. 31:3): Ծնողի մեծագույն սերն արտահայտվում է անմնացորդ եւ հավիտենական սիրով, երբ շարունակում է սիրել իրենց ճանկռող եւ վերք տվող զավակին, երբ փարվում է լացով մերժող եւ անգամ հարվածներ տվող զավակին:

Սիրե՛նք Աստծուն մանկան պես եւ հնազանդ զաւակներ լինենք մեր երկնավոր Հոր, եւ մեր զավակային խոնարհության մեջ տեսանելի կլինեն մեր Աստծո զորավոր Հոգին եւ գործերը: Ձգտե՛նք ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց փառավորվել: Կամավորապես իր անձը խոնարհած քրիստոնյայից անգամ դեւերը պիտի փախչեն, քանի որ իրեն բոլորից փոքրագույն դարձրեց եւ իրականում բոլորից մեծ եղավ, քանի որ նրան մեծացնող ու բարձրացնողն Ինքն Աստուած եղավ: «Թող ձեր սերն ավելի եւ ավելի առատանա գիտության եւ ամենայն իմաստության մեջ, որպեսզի դուք լավն ընտրեք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղության լինեք Քրիստոսի օրվա համար՝ լցված արդարության պտուղներով, Հիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովություն Աստծու» (Փիլ.1:9-11):

Տեր Նշան քահանա Ալավերդյան

  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ