Կապ չունի՝ որ ամսին ես գնում Սևան, եթե լողալ չգիտես․ Արմեն Աշոտյան․ Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է․ «Երկրում քաղաքական դիսկուրսի էժանագին նշաձողի եւ մեզ ամեն գնով Ազգային ժողով չթողնելու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ կոմունիկացիայի տարբերակ է մնացել հետեւյալ ձեւաչափը: Ինքը մեզ անդրադառնում է իր թերթի անանուն, բայց իր կողմից հեղինակված որոշ խմբագրականներով, իսկ մենք արձագանքում ենք նման հոդվածների միջոցով:
Անցյալ շաբաթ Փաշինյանի ուշադրության կենտրոնում Արցախյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցադրումներն էին, որոնք ավարտվեցին «որեւէ մեկը կբացատրի՞, թե այս քաղաքականության որ մասն է պարտվողական» մեր կողմից պատասխան ենթադրող հռետորաբանությամբ:
Նախ արձանագրեմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ կուսակից գործընկերներս երբեւէ չենք հայտարարել, որ Փաշինյանը վարում է պարտվողական կամ դավադիր քաղաքականություն Արցախի հարցում: Որ նա խորությամբ չի հասկանում խնդիրը՝ այո, ասել ենք: Որ գիտելիքի պակաս ունի այս հարցում՝ այո, բարձրաձայնել ենք: Որ սխալ է տանում բանակցային գործընթացը՝ այո, պնդում ենք: Որ քանդել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, իսկ սեփականը չի կառուցել՝ այո, փաստում ենք: Որ անգամ Արցախի հարցում տարվում է պոպուլիզմով՝ այո, արձանագրում ենք: Բայց չարամիտ դավադրության մեջ նրան (դեռ) չենք մեղադրել:
Ստեղծված իրավիճակը լիարժեք հասկանալու համար նախ ընդունենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հարցում առկա էին մի շարք կարեւոր գործոններ:
1. Ակնհայտ էր, որ Հայաստանի նոր իշխանություններին ժամանակ է պետք բանակցային էստաֆետն ընդունելու եւ գործընթացը շարունակելու համար: Ավաղ, այդ էստաֆետի փոխանցումը տեղի չունեցավ տեղեկատվության փոխանակման ինստիտուցիոնալ մակարդակով, եւ այն անցավ «ձեռքից ձեռք», այլ ոչ թե «գլխից գլուխ» սկզբունքով: Դրա փոխարեն Փաշինյանը նախընտրեց «ես ամեն ինչ գիտեմ», «ես բանակցությունները շարունակում եմ սեփական կետից» գոռոզամիտ ու դատարկ ճոռոմաբանությունը:
2. Գերտերությունները եւ Ադրբեջանը շանս ստացան, ներազդելով, այդ թվում՝ մանիպուլյատիվ եւ «Սերժը վատն էր, դու լավն ես» տիպի հնարքներով, սեփական ձկնեղենը որսալ Հայաստանի քաղաքականության պղտորված ջրերում: Ստացել եմ կայուն տպավորություն, որ մեծամիտ եւ փառասեր Փաշինյանի վրա նմանատիպ տարատեսակ «կտերն» ազդում են, եւ նա Արցախի հարցում ինքն իրեն մեկուսացրեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլեւ մինչ այդ բանակցություններ վարող եւ հարցին տիրապետող Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից:
3. Հայկական կողմը իշխանափոխության հետեւանքով, իհարկե, նաեւ շանս ստացավ որոշակի լրացուցիչ կոշտություն մտցնել բանակցությունների մեջ, ինչը դրական տակտիկական հնարքների պարագայում կարող էր լինել օգտակար, սակայն այս խաղով տարվելը ստրատեգիական նոր վտանգներ է ստեղծել, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների կողմից «ոչ կոնստրուկտիվ» կողմի պիտակը Հայաստանի վրա կպցնելու տեսակետից, ինչի մասին փաստացի ակնարկներ արդեն եղել են: Եթե տվյալ տակտիկական հնարքի նպատակը ժամանակ շահելն էր՝ խնդրին խորությամբ ծանոթանալու համար, կամ այլ նկատառումներ, ապա դրա լավագույն ձեւը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգի վրա պնդելն էր, ինչը որեւէ կողմից չէր կարող դիտվել որպես ապակառուցողական մոտեցում:
4. Սեփական օրակարգի ներքաղաքական գերակայություններից ելնելով՝ Փաշինյանը հետեւողականորեն downgrade էր անում, ստորադասում եւ արժեզրկում էր Արցախյան պատերազմի նշանակությունը, հիմնական դերակատարներին եւ Արցախի Հանրապետության իշխանություններին, ինչը, բնավ, չէր նպաստում Արցախի սուբյեկտայնության ուժեղացմանը եւ Հայաստանի քաղաքական օրակարգում հրահրում էր ընդհանուր առմամբ անառողջ եւ ագրեսիվ բանավեճ՝ իր բացասական տեղեկատվական, հոգեբանական եւ քարոզչական արգասիքներով:
5. Փաշինյանն այդպես էլ չհասկացավ եւ չընկալեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող դիվանագիտության նրբությունները եւ շեշտադրումները՝ ստեղծելով թյուր պատկերացում, որ մենք միտումնավոր ձգձգում էինք բանակցային գործընթացը, իսկ ապրիլյան պատերազմը, իբր, հենց դրա հետեւանք էր: Ի հակառակ սրան, նա, իբր, ֆորսաժի ռեժիմ է միացնում եւ միամտաբար կարծում, որ նման կերպ բոլոր կողմերը շատ ավելի արագ ու ազնվորեն կբացեն իրենց խաղաքարտերը, եւ գործընթացը կդառնա առավել գծային ու պարզ:
Այս եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ արցախյան խնդրի շուրջ այս պահին ստեղծվել է հետեւյալ բնութագրիչներ ունեցող իրավիճակը:
1. Բանակցային սեղանին առկա սկզբունքները նույնն են, ինչ մեր օրոք: Թեպետ Փաշինյանը ներքին լսարանի համար հրապարակավ դա չի խոստովանել, բայց փաստացի բանակցային գործընթացում խաղում է բացառապես եղած սկզբունքների դետալների եւ նյուանսների հստակեցման դաշտում, ինչը բնական է: Այսպիսով, իրականում նա շարունակում է բանակցային գործընթացը հենց «Սերժի կետից»:
2. Մեր թողած բանակցային ժառանգության մեխը Արցախի վերջնական կարգավիճակն առանց օրակարգի սահմանափակման պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով որոշելու սկզբունքն է, ինչն արդյունք է հենց Սերժ Սարգսյանի վարած հաջողված դիվանագիտական գործընթացի, սակայն Փաշինյանը չի ցուցաբերում բավարար ազնվություն՝ սեփական շուրթերով դա արձանագրելու համար, ավելին՝ նենգորեն հայտարարում էր ու մնում այդ հայտարարությունների «տակ», թե «դուք բանակցել եք միայն հող հանձնելու մասին»:
3. «Գերլեգիտիմ» առաջնորդի կերպարը թուլացնելու է հայկական կողմի «էլաստիկությունը», դիմադրողականությունը՝ փաստացի ապաքաղաքական Ազգային ժողովի եւ քաղաքական ընդդիմադիր ուժերի նկատմամբ շարունակվող ագրեսիվ ու ռեպրեսիվ գործելաոճի ֆոնին:
4. «Արցախի հարցով Հայաստանի եւ Արցախի ղեկավարության տեսակետները 100%-ով նույնական են» պնդումներն ունեն բացառապես ներքաղաքական նպատակ եւ նույնպես չեն ուժեղացնում մեր բանակցային դիրքերը՝ սահմանափակելով պատեհ պահին հայկական կողմերի մանեւրելու հնարավորությունները: Իսկ «Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից», «Մինսկի խմբի համանախագահները մանդատ ունեն՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը» տիպի պնդումները նորից խոսում են խնդրո առարկային լավ չտիրապետելու եւ գիտելիքի պակասի մասին ու մեծ վտանգներ են պարունակում:
5. Տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանը տարվել է իր սեփական խաղով, եւ հայկական կողմը չունի ՊԼԱՆ Բ: Նա շատ լավ հասկանում է, որ իր ՊԼԱՆ Ա-ն հարյուրտոկոսանոց չէ եւ խոցելի է, սակայն հրաժարվելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններն առաջնային օրակարգ դիտարկելուց՝ նա չի մշակել խաղի զուգահեռ սցենարներ, ինչը հնարավոր ձախողման դեպքում հղի է նոր ու լայնամասշտաբ ռազմական գործողություններով:
Օրերս խոսելով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում այլաբանական հնարքների էր դիմում Սեւան գնալու օրինակի վրա: Ուստի կավարտեմ իր իսկ այլաբանության մեջ մի խորհուրդ տալով: Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սեւան, եթե դու լողալ չգիտես: Կառավարական առանձնատան լողավազանում վարդագույն ջրակնոցով արված նկարը հաշիվ չէ…
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ