Փաշինյանը պատրաստ է պաշտպանել սեփական կարծիքը` ոտքերը մաքրելով ցանկացած գրված և չգրված օրենքի վրա. Նարեկ Սամսոնյան
Սերժ Սարգսյանի օրոք, ի տարբերություն ներկայիս իշխանության, քաղաքական դաշտում մերոնքականների ու ձերոնքականների բևեռացում չի եղել, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց դրա տուժածն էր, երբ շատերը նրան ասում էին, թե Սերժ Սարգսյանի գործակալն է: Շատ մարդիկ, ովքեր այսօր իր կառավարության մեջ են, իրեն մեղադրում էին Սերժ Սարգսյանը «ագենտը» լինելու մեջ, այդ թվում՝ իր խոսնակը նման ստատուսներ էր գրում», – ասաց Նարեկ Սամսոնյանը:
Այսօր, սակայն, Սամսոնյանի խոսքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ սեռափոխությունը Նիկոլ Փաշինյանը համեմատում է սրտի արատով երեխաների վիրահատության հետ:
«Սա ոչնչապաշտության ամենաբարձր մակարդակն է, երբ տեսանք, թե ինչպես է վարչապետը պաշտպանում տրանսսեքսուալ ինչ-որ մեկին: Նա պատրաստ է պաշտպանել սեփական կարծիք՝ ոտքերը մաքրելով ցանկացած գրված և չգրված օրենքի վրա», – ասաց Սամսոնյանը:
Նրա խոսքով` պետք է ստեղծել մարմիններ, որոնք հակադրվելու են «պողոսներին»:
«Պողոսին սպանելն ամենաբարդ գործն է, Պողոսը չի մեռնում երբեք: Պողոսին սպանելու փոխարեն պետք է ՀՀ քաղաքական օրակարգը թելադրողների փոփոխություն կատարել, որակյալ փոքրամասնություն է պետք ձևավորել, որը կհակադրվի պողոսներին», – ասաց Նարեկ Սամսոնյանը: