23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեմային։ Նա, մասնավորապես, գրել է.

«Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական “հերոսը” նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երևակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց կողքով։ Ստիպված շաբաթն ավարտում եմ նրանց հակիրճ անդրադարձով, և հետևանքների մասին որոշ խորհրդածությամբ՝

ա) Շաբաթվա սկզբին անդրադառնալով նույն այդ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Փաշինյանը (ըստ լուրերի) հայտարարել է, որ եթե նույնիսկ տաս հազար մարդ էլ դուրս գա փողոց, դա իր համար հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար։ Նա, թերևս մոռացել է իր իսկ խոստումը, որ իր թիմով եկել է ժողովրդին ծառայելու, և որ օրը ժողովուրդն այլևս չցանկանա այդ ծառայությունը, նա կհեռանա։ Արայիկ Հարությունյանի հետ կապված իրավիճակը լավ հնարավորություն է կատարելու իր խոստումը, և չսպասելու, որ այդ տաս հազարը հարյուր հազար դառնա, առավել ևս, որ բողոքողների թիվը փողոցում օր օրի աճում է։

բ) Մեկնելով Փարիզ Խաղաղության կոնֆերանսին, վարչապետ Փաշինյանը նորից սկսել է առաջ մղել իր տարօրինակ (մեղմ ասած) միտքը, որ Արցախի հարցի լուծումը պետք է համապատասխանի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Այս կեղծ “ժողովրդավարությունը” ընդամենը պրիմիտիվ պրոպագանդիստական հնարք է, ոչ մի իրական արժեք չունեցող, պատահական չի, որ Ադրբեջանը դրան չի արձագանքում, փոխարենը հայտարարում է նոր սպառազինությունների մեծաքանակ գնումների մասին (որին սակայն չի արձագանքնում վարչապետ Փաշինյանը)։ Գնալով ավելի հեռուն, վարչապետ Փաշինյանը նաև Փարիզում ակնարկել է, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի հետ, եթե ցանկանում է, որ այն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ՝ սա լրիվ նոր շրջադարձ է իր բանակցային ռազմավարության մեջ, չեմ զարմանա, որ վաղը Ադրբեջանը օգտվի այդ պարադոքսալ մտքից, և ընդհանրապես դուրս գա Հայաստանի հետ բանակցություններից, դրանից բխող բոլոր հետևանքներով։

 

գ) վերադառնալով Հայաստան, վարչապետ Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ իր գործունեության արդյունքում “արտագաղթը նվազել է 90%-ով”։ Տառացիորեն դրանից մի քանի օր առաջ, նրա ենթակայության տակ գործող ԱՎԾ-ն հրապարակել է արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն արտագաղթն աճել է 35%-ով։ Սա խիստ ցավալի իրողություն է, որը կարող էր լուրջ առիթ լիներ վարչապետի համար՝ անկեղծորեն քննարկել արտագաղթի աճի պատճառները, փոխարենը նա հերթական անգամ անհեթեթ հայտարարություններով փորձեց ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

դ) Փորձելով պայքարել “գողական բարքերի” դեմ (ինչը ինքնին ողջունելի է), վարչապետը որոշեց հերթական անգամ “պատերին ծեփել և ասֆալտին փռել” բոլոր այն պատգամավորներին, որոնք կփորձեն խոչընդոտել համապատասխան օրենքի ընդունմանը։ Վարչապետի թեթև ձեռքով, պատերին ծեփելը կամ ասֆալտին փռելը ընդհանրապես դարձել է մեր երկրում քաղաքակիրթ բարքեր հաստատելու հիմնական մեթոդը, պատահական չէ, որ նրան պաշտպանող անդեմ ֆեյքերը առանց հայհոյանքի ու սպառնալիքների ևս չեն կարողանում արձագանքել ընդդիմախոսների գրառումներին (հիմա էլ չեմ զարմանա տեսնել նրանց սեփական մտքի գոհարների հերթական ալիքը այս գրառման տակ) :

ե) Եթե այս ամենը քիչ էր, հինգշաբթի օրը Կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարականի դիմաց պաշտոնական կաշառք առաջարկելու մասին սկանդալային օրենքի նախագիծը։ Թեև մասնագետները բազմիցս էին զգուշացրել, որ սա խայտառակ գաղափար է, իսկ ՍԴ որոշ դատավորներ էլ արդեն իսկ կոշտ արտահայտվել են սրա դեմ, վարչապետ Փաշինյանը այնուամենայնիվ որոշեց փորձել բախտը, և պաշտոնական կաշառք առաջարկել ՍԴ այն անդամներին, որոնք կենթարկվեն իր կամքին՝ թերևս մոռանալով, որ ինքը եկել է կառուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, և իրավունք չունի մեր՝ հարկատուների միջոցները օգտագործել ակնհայտ կաշառք բաժանելու համար։

Սրան կարելի գումարել և Մելինե Դալուզյանին “պաշտպանության տակ վերցնելու” անհեթեթ պնդումը (կարծես ինչ-որ մեկը նրան սպառնում էր), և ԱԱԾ-ին տրված Սատանիզմի հետ կապված աբսուրդ հանձնարարականը, և մտքի այլ գոհարներ, որոնք միասին վերցված բերում են մի հետևության՝ երկրի համար մեկ իշխանավորը ավելի և ավելի կտրվում է իրականությունից, տրվելով անուրջներին, և դա սկսում է վտանգավոր դառնալ։ Նրան շրջապատող տարբեր մարդիկ սկսում են դա զգալ, և աստիճանաբար հետ նահանջել՝ պատահական չի, որ “Իմ Քայլը” սկսում է քվեարկություններ տապալել, տարբեր պաշտոնյաներ ծածուկ կամ բացահայտ հրաժարականներ են ներկայացնում, իսկ մնացողներն էլ սկսում են լուրջ մտածել իրենց ապագայի մասին։

Մեկ և կես տարի առաջ, երբ մեր ժողովուրդը մերժեց Սերժին և նրա կողմից մարմնավորված համակարգը, նա, իրեն հատուկ լավատեսությամբ, որոշեց, որ նախորդ “չար” միապետի գահին նոր, “բարի” միապետ կարգելով, նա ճանապարհ կբացի դեպի պայծառ ապագա։ Անցավ ոչ շատ ժամանակ, և պարզվեց, որ կապ չունի, թե ով է նստած գահին՝ այն հավասարապես այլասերում է բոլորին, ով մինչ այժմ նրա վրա նստել է, թեև գուցե տարբեր ձևերով։ Նախկին բոցաշունչ, ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, սեփական կոմֆորտի վրա պետության միջոցներ շռայլող, ժողովրդից ու իրականությունից կտրված, անուրջներով ապրող միապետ, զուգահեռ նոր հիասթափություն և հուսահատություն սփռելով իր շուրջ բոլորը։

Գուցե ժամանակն է հասկանալ սակայն, որ խնդիրը ոչ Սերժն էր, ոչ էլ Նիկոլը, այլ այն գահը, որ մեր ժողովուրդը բարեսրտորեն վստահում է պարզ մահկանացուներին, մտածելով, որ նրանք գերբնական ուժ ունեն, և կարող են կախարդական փայտիկի հարվածով պայծառ ապագա բերել իրենց։ Գուցե հենց մեր բարեսիրտ ժողովրդին է պետք ազատվել անուրջներից, և գիտակցել, որ միայն մրցակցային քաղաքական համակարգը, իշխանության տարբեր մարմինների հավասարակշռումը, օրենքի գերակայությունը, և անխտիր բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ քննադատական վերաբերմունքն են այն միջոցները, որոնք թույլ կտան ունենալ ժամանակակից, արդյունավետ պետություն, և կառուցել այն երկիրը, որից մարդիկ այլևս չեն արտագաղթում։ Այդ դեպքում գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն, և արժանապատիվ անի այն գործը, որը մինչ այդ իր մոտ լավ էր ստացվում, իսկ մենք էլ այլևս չհիասթափվենք ու չհուսալքվենք։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց անուրջների, բայց սթափ լավատեսությամբ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ