25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Չեմ բացառում, որ Լավրովի ուղերձը, երեւանյան սլենգով ասած՝ գծերը ստուգելու համար էր». Արմեն Աշոտյան

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

– Լավրովը Երեւանում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Անկարայի ու Երեւանի հարաբերությունների կարգավորմանը, եթե կողմերը պատրաստակամություն հայտնեն։ Արդեն իսկ գրում են, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ գործընթացներ են սկսվել՝ Մոսկվայի նախաձեռնությամբ։

– Հարցը բաժանենք երկու մասի․ ինչ է կատարվել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ դրա շուրջ ծավալված  քաղաքական պատմության մեջ եւ ինչ է կատարվելու կամ կարող է կատարվել։ Քննարկենք անցյալն ու ապագան։ Անցյալում ակնհայտ էր, որ ֆուտբոլային դիվանագիտությունը, որ սկսվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, մի շարք նպատակներ էր հետապնդում։ Եվ կարեւորագույն նպատակներին, անկախ նրանից, որ պրոտոկոլները չվավերացվեցին, մենք հասել ենք։

1-ին․ գերտերություններն այլեւս զրկվել էին հնարավորություններից՝ մեղադրել հայկական կողմին հարաբերությունների ձախողման մեջ, որովհետեւ ամբողջ գործընթացը Հայաստանի ղեկավարությունը տարավ այնպես, որ շահագրգռված լինելով խնդրի կարգավորման մեջ, միաժամանակ չզիջելով ազգային եւ պետական շահերի հարցերում՝ կարողացավ խաղից դուրս գալ շահած, որովհետեւ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի պատճառով է ձախողվել գործընթացը։ Ընդամենը մեկ մեջբերում ներկայացնեմ Հիլարի Քլինթոնից, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։ Գնդակը մնաց այնտեղ, եւ արձանագրվեց, որ այդ գործընթացի ձախողման պատճառն այս երկիրն է։ Ռուսաստանի դերակատարությունն այդ ժամանակ նույնպես շատ կարեւոր էր, եւ ՌԴ-ն աջակցում էր այդ պրոցեսին։ Ուզում եմ հիշեցնել արտգործնախարար Լավրովի 2010 թ․ հունվարի 14-ին Երեւանում արված հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան խնդրով, պարզապես կոռեկտ չէ։ Այս երկու գործընթացներն իրար շաղկապված չեն։ Սա ցիտատ է։ Մյուս պոզիտիվ բանն այն էր, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այդ ժամանակ իր որոշմամբ հստակ արձանագրեց Հայաստանի հնարավոր մոտեցումները հարաբերությունների կարգավորման հնարավոր գործընթացում, եւ այստեղ նույնպես բավականին հստակ գնահատականներ տրվեցին, եւ հայկական կողմի մոտեցումները հստակ են նաեւ ՍԴ որոշման շրջանակում։ Ինչ վերաբերում է ապագային, ուզում եմ հիշեցնել, որ իրավիճակ է փոխվել․ եթե 2009, 2010, 2011 թթ․ Թուրքիան ավելի շատ Արեւմուտքի ազդեցության տակ էր, եւ ակնհայտ էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չէր կարող տեղի ունենալ առանց Արեւմուտքի աջակցության, ինչի ականատեսը լինում էինք մենք, այսօր՝ տասը տարի անց կարող եմ փաստել, որ գոնե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Անկարան իր քաղաքական օրակարգով շատ ավելի մոտ է Մոսկվային, քան Բրյուսելին ու Վաշինգտոնին։ Հետեւաբար, հնարավորությունների հնարավոր կարգավորման գործընթացի այս ժամանակահատվածում ակնհայտ է, որ ՌԴ դերակատարությունն առավել որոշիչ է լինելու, եթե կարող է դրան նոր մեկնարկ տրվել։ Սակայն կտրականապես համաձայն չեմ ՌԴ արտգործնախարարի երեկ հնչեցրած գնահատականին, որ այս երկու գործընթացները՝ հայ-թուրքական եւ արցախյան խնդրի կարգավորում, կարող են շաղկապված լինել։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երբեք ոգեւորված չի եղել այդ գործընթացով, եւ մենք շատ հմուտ, ճիշտ հաշվարկված քաղաքական գործընթաց ենք իրականացրել, որտեղից դուրս ենք եկել միանշանակ՝ շահած։ Ուզում եմ հիշեցնել, որ այս հարցով մեծ հակամարտություն առաջացավ պաշտոնական Բաքվի ու Անկարայի միջեւ, եւ սա նույնպես հայկական դիվանագիտության պոզիտիվ քայլերի արդյունքներից մեկն էր։ Եվ այս ամենի արդյունքում Հայաստանն իմիջային եւ ռեալ քաղաքականության դաշտում իմիջային եւ դրական դիրքավորում ունեցավ արդյունքում։

 

– Դուք Լավրովի խոսքում էական փոփոխություն արձանագրեցիք 2010 եւ 2019 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Եվ այն հայտարարությունը, որ այս հարցերը փոխկապակցված են, հայկական կողմը դիտում էր որպես թուրքական նախապայմանների առաջադրում եւ ասում էր՝ Ղարաբաղի հարցը մի կապեք հայ-թուրքականի հետ։

– Այս 9 տարվա ընթացքում փոխվել է աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ մոլորակում։ Բնական եմ համարում, որ եթե այն ժամանակ Թուրքիան ավելի շատ արեւմտյան քաղաքական ուղեծրում էր, ապաեւ՝ թուրքական տեսակետներն արեւմտյան քաղաքական դիրքորոշման մեջ բավականին մեծ տեղ ունեին։ Այսօր, երբ Անկարան իր հարաբերություններով ու տարածաշրջանային, կոմունիկացիոն պրոյեկտներով շատ ավելի մոտ է Մոսկվային, Մոսկվայի տեսակետը կարող է որոշակի փոփոխություններ կրել, բայց դա կարգավորման հնարավոր գործընթացի դեպքում չպետք է ազդի Հայաստանի դիրքորոշումների վրա։

– Նախկին տերմինաբանությամբ՝ կարելի՞ է ասել, որ գնդակը Մոսկվայում է։

– Չեմ կարծում, ինֆորմացիա չունեմ, գուցե ՀՀ արտգործնախարարը կարողանա ավելի հստակ պատասխանել, թեպետ խուսափում է նման հարցերից, բայց իմ տպավորությամբ՝ այս պահին որեւէ գնդակ խաղադաշտում չկա։

– Բա ի՞նչ ուղերձներ էին Լավրովից, այն էլ՝ երկու անգամ։

– Չեմ բացառում, որ դա բացառապես, երեւանյան սլենգով ասած՝ գծերը ստուգելու ուղերձ էր։

– Պատմությունից է հայտնի, որ երբ թուրքերն ու ռուսները ջերմանում են, հայերը հողեր կամ որեւէ այլ բան են կորցնում։ Մտահոգիչ համարո՞ւմ եք։

– Ինձ համար մշտապես մտահոգիչ են եղել թե՛ տարածաշրջանային ուժերի բախումները, թե՛ մերձեցումները։ Եվ՝ այո, պատմությունից է հայտնի, որ երկու դեպքում էլ փոքր ազգերն ու պետությունները տուժում են։ Ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունն էլ այն է, որ եզակի մերձեցումների կողքին կան տասնյակ պատերազմներ։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Երեւանի ու Մոսկվայի միջեւ ռազմավարական դաշնակցությունն ունենա իրական բովանդակություն։ Եվ գոնե մեր իշխանության օրոք կարող եմ փաստել, որ այդպես է եղել։ Երբ պաշտոնական Մոսկվան Երեւանի հաշվին տարածաշրջանային վերադասավորումներ չի իրականացրել՝ լինի ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի կամ ԱՊՀ  շրջանակներում։ Հիմա, ցավոք, նման արձանագրում անել չեմ կարող։ Ուզում եմ հիշեցնել, որ թուրքական աշխարհաքաղաքական ճաշակը գնում-գալիս է, այնինչ Երեւանի դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ կայուն են։ Սա Մոսկվայում շատ լավ գիտակցում են։

– Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքագետներից մեկի կարծիքին, որ Սերժ Սարգսյանը 2010 թվին 2008-ի Մարտի 1-ի հետեւանքները «ջրեց» հայ-թուրքական հարաբերությունների ձեռնարկով։ Դրա համար էլ գերտերություններն աչք փակեցին 2008-ի իրադարձությունների վրա։

– Նման կարծիք չեմ հանդիպել։ Եթե հայտնել է որեւէ քաղաքական լուրջ վերլուծաբան, պատրաստ եմ ծանոթանալ եւ քննարկել, իսկ եթե քաղաքական սպեկուլյացիաներով հանրային դիսկուրս վերադարձող մարդու տենչանք է, եկեք անտեսենք։

Անուշ Դաշտենց

hraparak.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ