«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, նրանց թիմերի միջև տարաձայնություն չկա». Արմեն Աշոտյան
Վերջին ժամանակներս իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, թե տարաձայնություններ կան ՀՀ երկու նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի և նրանց թիմերի միջև:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 168.am-ը հարցրեց, թե ինչպե՞ս նա կմեկնաբանի պաշտոնաթող նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ու իրենց թիմերի միջև առկա տարաձայնությունների մասին օրերս որոշ շրջանակների կողմից հասարակական-հանրային օրակարգ մտցված թեզը:
«Հասարակության ներսում խորացող հիասթափությունն ու ապատիան, ինչպես նաև ոլորտային և տեղային հանրային դժգոհությունները սասանում են Նիկոլ Փաշինյանի պատվանդանը և խորացնում իր վախերը: Նա, ավելի, քան երբևէ, սարսափած է իր ապազգային և ապաշնորհ կառավարության դեմ հասունացող միասնական ճակատի գաղափարոից որի կարևորագույն դերակատարները կարող են լինել հենց Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանը: Ուստի նրա քարոզչական ֆաբրիկան սկսել է արհեստական օրակարգ բուծել և տարածել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը, սակայն, կարծում է, որ այդ ջանքերը նույնքան դատարկ են, որքան Զոհրաբ Մնացականյանին երեկ իրենց երիտասարդների փոխանցած ճամպրուկները: «Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործընթացի հակասահմանադրական և բացառապես քաղաքական լինելու մասին: Արել ու անելու ենք դա՝ թե երկրի ներսում, թե երկրից դուրս»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ
168.am