29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար. Վիտալի Բալասանյան

ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է երեկ Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին:

Վիտալի Բալասանյանը գրում է. “Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ ձեզ Արցախի քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահայտվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ: Արցախցիներով ապացուցեցինք աշխարհին և մեզ, որ արցախյան հանրությունը պատրաստ է տեր կանգնել իր ապագային: Իմ թեկնածությանը կողմ քվեարկածների թիվը հուշում է, որ մեր բարձրացրած խնդիրները հրատապ են և կարիք ունեն լուծումների: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք պայքարելու ենք այդ խնդիրների լուծման համար և այսուհետ ձեզ հետ միասին ենք որոշելու երկրի քաղաքական օրակարգը:

Հունիս 15-ին գործող նախագահին ուղղված իմ բաց նամակում ես որոշակի մտահոգություններ էի հայտնել ընտրությունները վարկաբեկող գործընթացների մասին: Ցավոք դրանք հաշվի չառնվեցին: Ես պատրաստ էի արդար ընտրությունների արդյունքում շնորհավորել հաղթած թեկնածուին, սակայն պետք է սահմանափակվեմ ընտրությունների արդյունքները որոշակի վերապահումներով ընդունելով:

Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր բնակչության առնվազն մեկ երրորդը համաձայն չէ վարվող քաղաքականության հետ և պահանջում է փոփոխություններ: Իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց քաղաքականությունը և դա կատարվելու է մեր պահանջների ներքո:

Գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ: Ընտրություններն ազատ էին, բայց ոչ արդար: Ամբողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրությունների օրը ժողովրդի վրա եղել են ճնշումներ, վարչական ռեսուրսն ամբողջովին ուղղված է եղել գործող նախագահի ձայնահավաքին: Ամենամեծ ճնշումները եղել են Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչների վրա: Այս պայմաններում ստացած քվեները համարում եմ լավ արդյունք, ինչը լուրջ հիմք է նոր քաղաքական կառույցի ստեղծման համար:

Այս կառույցի առաջնային նպատակներից է լինելու մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Ես միշտ լինելու եմ բոլոր նրանց կողքին, ում իրավունքը կփորձեն ոտնահարել:

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են տվել ինձ: Այսպիսի մթնոլորտում դա որոշակի խիզախություն էր պահանջում ձեզնից: Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց խղճի մտոք են քվեարկել մյուս թեկնածուների օգտին: 

Շնորհակալություն եմ հայտնում իմ նախընտրական շտաբներին և վստահված անձանց, ովքեր կարճ ժամանակում հսկայածավալ աշխատանք կատարեցին: Մեր ռեսուրսներն անհամեմատելի էին մրցակից թեկնածուի օգտին գործածված պետական ռեսուրսների հետ և ստացած ձայները վկայում են մեր կողմնակիցների արդյունավետ աշխատանքի մասին:

Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին և դիտորդներին, ովքեր անաչառ կատարեցին իրենց պարտականություններն ընտրությունների ողջ ընթացքում: 

Շնորհակալ եմ Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի բոլոր այն անձանց և կազմակերպություններին, ովքեր տարբեր կերպ իրենց աջակցությունը հայտնեցին ինձ և իմ նախընտրական ծրագրին:

Խորին հարգանքներով`
Վիտալի Բալասանյան

20 հուլիսի 2012թ. 
Ստեփանակերտ”:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ-ում 5-րդ անգամ կայացան նախագահական ընտրություններ: 273 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների համաձայն, Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով 47 հազար 85 ձայն կամ ձայների 66,7 տոկոսը:

Պատգամավոր Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 հազար 966 ձայն կամ 32,5 տոկոս, իսկ Ագրարային համալսարանի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը` 594 ձայն կամ 0,8 տոկոս քվե:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ