26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս մարդիկ այսօր իրենց գաղափարախոսությունն են բերում, որը պղծում է եւ կործանիչ է բոլոր ճակատներում. Դավիթ Տեր-Սահակյանց. Tert.am

Այսօրվա ԿԳՄՍ նախարարության արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մեջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպես բարձր արվեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ–ի տրամադրած միջոցների հաշվին:

«Դա ինքնահաստատվել ցանկացող երիտասարդների պոռթկում էր, ես դրան նորմալ եմ նայում, այլ բան է, երբ երիտասարդների այդ պոռթկումները նախարարության հովանավորությամբ տարածվում և հասանելի են դառնում հասարակությանը: Միանշանակ վատ եմ վերաբերվում նման դրսևորումներին: Դրա մեջ ֆեմինիզմի տարրեր կային, դրսից մեզ պարտադրված օրակարգ է, որն ընդհանրապես կապ չունի մեր հասարակության և առհասարակ մեր մշակույթի հետ: Դա պսևդոմշակութային ինչ-որ դրսևորում էր, խղճուկ տեսարան»,- ասաց նա:

Ըստ Սահակյանցի՝ ինքն ընդհանրապես փորձում է ուշադրություն չդարձնել այդ կառույցին, որն ուղղակի պառակտված է, և պահանջվում են ինչ-որ քայլեր՝ ազատվելու այդ ամեն ինչից:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներին, Սահակյանցն ասաց, որ պետիցիա է գնում համացանցում՝ նախարարի հրաժարականի պահանջով, որին ինքն էլ է մասնակցել և ստորագրել. «Համարում եմ, որ այդ մարդն իրավունք չունի զբաղվել հայ մշակույթով, նա չի որոշում հայ մշակույթը, մշակույթը որոշվում է ժամանակի ընթացքում, իսկ այն, ինչ որ նա է փորձում այսօր անել, ուղղակի սարսափելի է, նա ուղղակի ոչնչացնում է հայկական մշակույթը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝  նախարարը հայտարարել է, որ իր սկզբունքն այն է, որ մշակույթում չի լինելու ցենզուրա, Սահակյանցը շեշտեց. «Ցենզուրան շատ կարևոր բան է: Ես խոսում եմ ոչ թե այն ցենզուրայի մասին, որ հենց Արայիկ Հարությունյանն է ասում, այլ ներքին ցենզուրա գոյություն ունի, որն ամենակարևոր գործոնն է արվեստի մեջ: Մենք այսօր տեսնում ենք, որ ներքին ցենզուրա չունի այդ ստրուկտուրայի ղեկավարը, և եթե չկա ներքին ցենզուրա, ապա մնացածի վրա աչք է փակվում»:

Անդրադառնալով վերջերս պետության կողմից նախկին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ հատկացնելուն, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար 2.7 մլն նախարարության հատկացրած դրամաշնորհին՝ նա ասաց, որ եթե համեմատելու լինենք, ապա այն գաղափարների քարոզն է տարվում, որոնցից, ըստ Սահակյանցի, ամբողջ աշխարհն է տառապում:

«Մշակույթը պարտադրված կրիզիսի մեջ է գտնվում, որ գոյություն ունեն ինչ-որ լոբիստներ, ինչ-որ մարդիկ, որոնք իրենց գաղափարախոսությունն են փորձում անցկացնել մշակույթի, երաժշտության միջոցով, հեռուստատեսությամբ, մի խոսքով բոլոր օղակներում և փորձում են ագիտացնել այն ապրելակերպը, որն իրենց է հարազատ: «Մել» ֆիլմի նկարահանումը ֆինանսավորումն էլ դրա դրսևորումներից մեկն է: Արայիկ Հարությունյանի ամեն քայլը տրամաբանական է իր տրամաբանության մեջ, դրանում ոչ մի զարմանք չկա, որ այդպիսի գումար տրամադրվում է նման ֆիլմ արտադրելուն: Այստեղ կոնկրետ ուղղորդված PR և պրոպագանդա է գնում թե´ պետության և թե´ նախարարության կողմից»,- ասաց նա:

Ըստ Սահակյանցի՝ ամենատարօրինակն այն է, որ այսօր այն մարդիկ, որոնք դժգոհ են Արայիկ Հարությունյանից, փորձում են դրա ֆոնին ավելի տարանջատել վարչապետին, ինչը սխալ է, և ինքը միանշանակ համարում է, որ նրանք մի գծով են գնում, և հետևանքն է այն իշխանափոխության, որը եղել է:

Երբ այդ ներկայացումը որպես արվեստ են ներկայացնում, ապա այդտեղ արժեհամակարգի պատերազմ է գնում. «Իրենք եկել են լրիվ այլ արժեհամակրագով և այսօր փորձում են փչացնել, վերացնել, վատաբանել այն ամենը, ինչն իրենց համար խորթ է, ինչի իրավունքը նրանք չունեն, նրանք իրենց ամբիցիաներով չպետք է ուղղորդվեն, գոյություն ունի հայկական մշակույթ, որը ինձնից, բոլորից հետո էլ պետք է շարունակվի և զարգանա: Այս մարդիկ փորձում են պրոցեսը կանգնեցնել և պղծում են այն ամեն ինչը, ինչը գոյություն է ունեցել՝ անկախ իրենց ծնվելու փաստից: Նրանք այսօր իրենց գաղափարախոսությունն են բերում, որը կործանիչ է բոլոր ճակատներով»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ պայքար է գնում ազգայինի դեմ. «Ես համարում եմ, որ ներկա կառավարությունը բարդույթներ ունի և այսօր ինքնահաստատվում է այդ կոմպլեքսներից ելնելով, այն ինչը չի համարում գեղեցիկ, լավ, ճիշտ, փորձում է այսօր վարկաբեկել՝ անելով այն քայլերը, որն անում է: Նրանք իրենց բարդույթներն են իրականացնում, իսկ դա արդեն բժշկության թեմա է, արդեն բժիշկներն ու հոգեբանները պետք է զբաղվեն դրանով»,- եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ