Ռիտա Սարգսյանը հաստատել է. մեկ տարի առաջ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են իր նռան հյութը. Հրապարակ
«Հրապարակը» անդրադարձել է մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 18-ին «Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է» վերտառությամբ հրապարակմանը․
«Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ հարեւան առանձնատները նաեւ ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան եւ այլն։ Տիկին Ռիտան, Ղարաբաղից մնացած սովորույթի համաձայն, մեծ քանակով նռան հյութ է քամում, լցնում է շշերի մեջ եւ պահում սառնարանում։ Մի օր ապագա քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը բացօթյա հատվածում երկար նստած՝ զրուցելիս են լինում, եւ, հավանաբար, սիրտները հյութ է ուզում՝ սառնարանում հայտնաբերում են տիկին Ռիտայի քամած նռան հյութերն ու 11 շշից 9-ը խմում»։
Այս լուրը հրապարակելուց հետո իսկական արշավ գնաց «Հրապարակի» դեմ՝ ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքները, թե՝ որտեղից եք իմացել այդ պատմությունը, ինչ հյութ, ինչ բան։ Մամուլի եւ լրագրողների ցածր մակարդակի, լուրեր հորինելու, բամբասանքներ տարածելու եւ այլնի մասին։
Բայց, ինչպես մեր գրած շատ ուրիշ հրապարակումներ, այս մեկն էլ այսօր անսպասելիորեն հաստատվեց՝ «Փաստինֆո» լրատվականին այսօր Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մեկնաբանություն է տվել կառավարական ամառանոցի հետ կապված․
«Ինչ վերաբերվում է մեծ, ներկառուցված սառնարաններին, որոնց իմաստը չէին հասկացել Փաշինյանն ու իր կինը՝ մտածելով, թե այնտեղ կենդանիներ են պահվել՝ Ռ. Սարգսյանը հայտնեց, որ այն հատուկ նախատեսված է եղել պահածոների համար, հիշեցնելով, որ այդ շարքից էր Արցախի նռան հյութը, որը դեռ անցյալ տարի Փաշինյանն ու Հայկ Մարությանը համտեսել և 10 շիշ խմել էին, դեռ մի բան էլ՝ ասել, էսքանն ի՞նչ է անելու»: