25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն Արցախ է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը

ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի երեւանյան նիստին ընդառաջ` երեկ  կայացավ կլոր սեղան- քննարկում «ՀԱՊԿի դերը տարածաշրջանային  անվտանգության ապահովման գործում» թեմայով: Այն կազմակերպել էին  «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության  հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը`  Ցանցային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Ողջույնի խոսքով  հանդես եկան ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր  դեսպանները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը,  այնուհետեւ  հնչեցին զեկույցներ թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետների կողմից:  Այդ թվում  զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի  համակարգող,  քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ,  որից հետո` նրա հետ  առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»:

«ԻՆՉՊԵՍ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԵՐԳՈՒՄ` ՎԵՐՔԻՍ ՎՐԱ ԱՂ ՄԻ՛ ՑԱՆԵՔ»

– ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ  Հայաստանում մեղադրանք առաջադրվեց, որից հետո` նա հետկանչվեց իր  զբաղեցրած պաշտոնից: Տեւական ժամանակ քննարկվում էր, որ ՀԱՊԿ  կանոնադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ նման  իրավիճակ այն չէր նախատեսում, եւ դժվար էր որոշել, թե ով պետք է փոխարինի  նրան: Ի վերջո, կանոնադրական փոփոխություններ կատարվեցի՞ն:

-Ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե կանոնադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն  կար, այլ նորմատիվ իրավական փաստաթղթում: Ասեմ, որ այս հարցը բազմիցս քննարկվել է ՀԱՊԿի մշտական խորհրդի ձեւաչափով, դրան բազմաթիվ նիստեր են նվիրվել, որտեղ տարբեր  տեսակետներ են հնչել:

– Բայց ընդհանուր հայտարարի եկա՞ք:

-Կարծում եմ` գտնվեց տեսակետների որոշակի կոնսենսուս, եւ այսօր փաստաթուղթը որոշակի  առումով խմբագրվել է, ես կասեի` լրամշակվել է: Ընդունեք, որ իրավիճակը սովորական չէր եւ,  իհարկե, ամեն ինչ մեկ փաստաթղթում հնարավոր չէր կանխատեսել, որ, օրինակ, կարող է  դիմացդ փոս լինի, եւ դու պետք է աչքերդ ներքեւ պահած լինես, որ չընկնես մեջը կամ երկու  մետր պետք է գնաս, հետո` շրջանցես փոսը: ՀԱՊԿը կենդանի մեխանիզմ է, եւ ծագեց ոչ  ստանդարտ իրավիճակ, որը, դժվար թե, կրկնվի, որովհետեւ այն բացառություն էր: Ամեն  դեպքում, բազմաթիվ երկխոսութունների արդյունքում խմբագրված փաստաթղթում  հնարավորինս ամեն ինչ նախատեսված է, եւ փորձել ենք մինիմալացնել բոլոր ռիսկերը: Խնդիրը  քննարկվել է, եւ հանգել ենք որոշակի բալանսի: Արդյունքում հաջողվել է գտնել փոխադարձ  ընդունելի որոշում:

– Շատ խոսվեց այն մասին, որ այդ կերպ Յու. Խաչատուրովի հետկանչելը ՀԱՊԿ  քարտուղարի պաշտոնից հարված էր կառույցի հեղինակությանը: Ի՞նչ կասեք այս  մասին:

– Իհարկե, չի կարելի ասել, որ սա դրական սցենար էր: Լավ կլիներ` առանց դրա խնդիրը լուծել,  բայց մյուս կողմից կյանքն անկանխատեսելի է, եւ դժվար էր պատկերացնել, օրինակ, երկու  տարի առաջ մտածել, որ այդպիսի զարգացում կարող էր տեղի ունենալ: Այնուամենայնիվ, սա  փաստ է, որին պետք է վերաբերվենք որպես անցյալ: Հարցն այն է, թե ինչ եզրակացություններ  ենք արել դրանից, եւ մարտավարությունը որն էր` այս ոչ ստանդարտ իրավիճակն օգտագործել  հարաբերությունների խզմա՞ն, քաոս ստեղծել կառույցի ներսում, թե՞ գնալ խելամիտ  կոմպրոմիսների եւ որոշում ընդունել: Կարծում եմ` արդյունքում հաղթեց կառույցի խելամիտ  մարտավարությունը, եւ ՀԱՊԿ անդամ պետություններն ընդունեցին, որ ՀԱՊԿ-ի ամուր լինելն առաջնային է, եւ անհրաժեշտ է գտնել իրավական փոխզիջումներ, որպեսզի  չվնասվի կառույցը: Ըստ իս, սա հաջողվել է, եւ այս խնդրի բուռն քննարկումները հիմա կարծես  մարել են, եւ չի խոսվում դրա մասին այդպիսի սուր տոնայնությամբ: Եվ ինչպես ասվում է  հայտնի երգում` «Վերքիս վրա աղ մի՛ ցանեք»: Լավ է, որ աղ ցանելու փուլն անցանք, եւ խելամտությունը  հաղթեց, մնացածը բյուրոկրատական փաստաթղթային աշխատանք էր:

«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ է ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՉ ԹԵ ԱՐՑԱԽԸ»

– Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ բազմաթիվ լայնամասշտաբ  զորավարժություններ իրականացրին վերջին մեկ տարվա ընթացքում: Կարելի՞ է  ասել, որ նրանք  ինչ-որ գործողությունների են նախապատրաստվում, եւ որքանո՞վ է սա մտահոգիչ  ՀԱՊԿ-ի համար:

– Չեմ կարծում, որ այս ամենն իրենից վտանգ է ներկայացնում: Գուցե կա, բայց այն միշտ կա, ու  չեմ գտնում, որ այն ակտուալ է կամ սրված իրավիճակ կա: Ավելի շատ, կարելի է ասել, որ  լարվածությունը նվազում է:

 -Նվազո՞ւմ է, երբ ընդամենն օրեր առաջ Սոչիում «Վալդայ» համաժողովի ժամանակ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բղավում էր, թե «Ղարաբաղն Ադրբեջա՜ն է»: 

– Նա բազմիցս արել է տարբեր էպատաժային հայտարարություններ: Ամեն դեպքում, կասկած  չունեմ, որ ՀԱՊԿ-ը կպաշտպանի Հայաստանին:

– Իսկ Արցախի՞ն, չէ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ   «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս առումով ռազմական գործողությունների  դեպքում`  ՀԱՊԿ-ը պարտավոր չի՞ լինի գոնե արձագանքել:

– Ո՛չ, որովհետեւ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է  ճանաչի Արցախի անկախությունը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այլ ոչ թե Արցախը, սրանք  տարբեր բաներ են: Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել սա: Էլի եմ ասում`    իհարկե, Հայաստանի անվտանգությունը ՀԱՊԿ-ի շրջանակում կապահովվի, բայց Արցախի խնդիրն այլ է: Այո՛, խոսքը նույն հայ ազգի մասին է,  կա պատմական ճակատագիր, բայց միջպետական հարաբերությունների առումով Փաշինյանը  դեռ չի իրականացրել Արցախի դիվանագիտական ճանաչումը: Միանգամից ասեմ` չգիտեմ  ինչու, միգուցե այն պատճառով, որ գիտակցում է` այն իր հետ կբերի մի ամբողջ գործընթաց, որն  ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: 

Աղբյուրը՝ Iravunk.com:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ