Կաթողիկոսն ընդունել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի երիտասարդական միությունների ատենապետներին
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20 թեմի երիտասարդական միությունների ատենապետներին և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի աշխատակազմին՝ գլխավորությամբ ՀԵՀԵՄ-ի հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:
Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Հայր Թովման տեղեկացրեց՝ նախորդ օրերին՝ նոյեմբերի 1-2-ին, Հայաստանում անցկացված ատենադպիրների ժողովում քննարկված մի շարք հարցերի և ՀԵՀԵՄ-ի հետագա գործունեության առնչությամբ մշակված ծրագրերի վերաբերյալ:
Հայր Սուրբը նաև ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը օծման և գահակալության 20-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով անսասան և արգասավոր գահակալություն:
Նորին Սրբությունը, ողջունելով երիտասարդներին, ուրախությամբ հաստատեց, որ Հայ Եկեղեցում գործող երիտասարդական միություններն իրենց ակտիվ ծառայությունն են բերում եկեղեցու առաքելությանը, պայծառացմանն ու բարգավաճմանը: Մեծապես կարևորելով երիտասարդական կառույցների գործունեությունը՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նրանք են հայրենիքի և եկեղեցու ապագայի կերտողը, իրենց հայրենաշեն ու եկեղեցաշեն գործերով պետք է նպաստեն Հայաստանի հզորացմանը, առաջընթացին և հայ ժողովրդի բարօր կյանքին:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև անցնող տարիներին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի ակտիվ և արգասաբեր գործունեությանը՝ կարևոր նկատելով Հայ Եկեղեցու թեմական կառույցների հետ վերջինիս համագործակցության ընդլայնումը, որով առավել մեծ հնարավորություններ են ընձեռնվում երիտասարդական միությունների աշխատանքն արդյունավոր կազմակերպելու և Հայոց Եկեղեցու սրբազան առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:
Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին երիտասարդական միությունների հանդեպ հայրական խնամք դրսևորելու և, ըստ ամենայնի, նպաստելու նրանց հայրենաշեն գործունեությանը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: