Կառուցողական համագործակցությունը կշարունակվի. Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին:
Նախագահը ողջունել է հյուրերին եւ վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետեւողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետեւողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության եւ քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը եւ այլն:
ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, Հանրապետության Նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ եւս կշարունակվի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական եւ ոստիկանության ոլորտներում բարեփոխումների եւ այդ ոլորտներում դեռեւս առկա խնդիրների շուրջ:
ՀՀ Նախագահը եւ ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին եւս: