Արցախում քննարկվել են զորահավաքային գործընթացները
Արցախի հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմավարական զորավարժության շրջանակում ՊԲ միավորումներն ու զորամասերը պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրման գործընթացին:
Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջվարչակազմերի ղեկավարներն ու ՊԲ բարձրագույն սպակայակազմը:
Իր խոսքում Գրիգորի Մարտիրոսյանը նշել է.
«Պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը կազմակերպվել է սահմանված ժամկետում: Զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացները հաջողությամբ իրականացվել են տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ: Պետք է փաստել հատկապես պահեստազորայինների՝ իրենց առաքելությունը գիտակցելու բարձր մակարդակը»:
Պետական նախարարը ուշադրություն է հրավիրել համապետական նշանակության միջոցառման ընթացքում ի հայտ եկած որոշ կազմակերպա-իրավական խնդիրների, որոնց լուծման ուղղությամբ պետք է տարվեն նպատակային, հասցեական աշխատանքներ:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ներկայացրել է զորավարժության շրջանակում իրականացված զորահավաքային գործընթացների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները: Առանձին զեկույցներով հանդես են եկել շրջանային վարչակազմերի պատասխանատուները: Վերջում բանակի հրամանատարը կարևորելով զորավարժությանն ընդգրկված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ խրախուսել է վարչակազմերի ղեկավարներին զորահավաքը բարձր մակարդակով անցկացնելուն օժանդակելու համար: