Դուք մարդասպան եք: Ո՞ւր ա էդ կարգին քաղաքապետը. ահազանգ ծառերի սպանդի մասին
Henaran.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել ծառերի մասսայական սպանդի մասին: Խմբագրություն զանգահարած քաղաքացին վրդովված պատմեց, որ այսօր օրը ցերեկով Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում մի քանի տասնյակ ծառ է հատվել: Երբ քաղաքացին փորձել է միջամտել, թե ինչո՞ւ են հատում ծառերը, երիտաարդներն ասել են, թե բարդիները որդնած են, իսկ եղեւնիներին ձեռք չեն տա:
«Մինչդեռ իմ աչքի առաջ այդ ընթացքում երկու եղեւնի հատեցին»,-պատմեց մեր զրուցակիցը: Քաղաքացին նշեց, որ ըստ իրեն հասած լուրերի՝ տարածքի սեփականատերը «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Old Monument» ռեստորանի սեփականատերն է, ով վերջերս է գնել տարածքը:
«Այնքան վստահ էին իրենց վրա, որ օրը ցերեկով 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամում քոքից կտրեցին՝ անտեսելով բնակիչների բողոքը: Աշխատանքներին հետեւող անձը ինձ դուրս հրավիրեց տարածքից, ասելով, թե տարածքն իր սեփականությունն է, ես էլ ասացի՝ սա իմ քաղաքն է ու ամեն ծառ կտրող մարդասպան է»,-վրդովված պատմեց քաղաքացին:
«Ո՞ւր ա էդ կարգին քաղաքապետը, որտե՞ղ են թաղապետը, ոստիկանությունը: Մոտ 30 տարեկան ծառեր կտրեցին: Ասենք տարածքն իրենց սեփականությունն է, ո՞վ է դրանց թույլ տվել մատղաշ ծառերը ոչնչացնել »,-հարցնում է քաղաքացին՝ նկատելով, թե վանդալները հայտարարլ են, որ տարածքում բիզնես կենտրոն են կառուցելու.
«Մեզ բիզնես կենտրոն պետք չի: Դա հանրային տարածք էր, էդ ծառերը բնակիչներն են տնկել՝ սերունդներով, ինչո՞ւ են վաճառել, բնակիչներն էդտեղ նստում են մաքուր օդին, տարեցները հավաքվում են, ժամանակ են անցկացնում, մաքուր օդ շնչում: Բա ասում էին՝ Երեւանը՝ երեւանցիներին, ի՞նչ պատահեց: Հենց նստեցին աթոռին, մոռացա՞ն խոստումները»: