17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկեց Եվրասիական համաժողովը

Հունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց “Երիտասարդ Եվրասիա” խորագրով եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։

ԱՊՀ, Բալթյան տարածաշրջանի երկրներից եւ Վրաստանից ժամանած շուրջ 150 երիտասարդների ողջունեց ՀՀ ԱԺ նախագահը։ Գալուստ Սահակյանը նշեց, որ կարեւորում է երիտասարդների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն գործընթացներում։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ձեւաչափը կնպաստի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկմանը եւ դրանց նպատակային ու համակարգված իրականացմանը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ երիտասարդական կառույցները կենսունակ են այսօր եւ այդպիսին կլինեն նաեւ ապագայում. “Մենք բոլորս նույն գիտամշակութային, կրթական ժառանգության կրողներն ենք, ինչը կարող է Եվրասիական ինտեգրման կարեւոր գործոն դառնալ։ Հուսով եմ, որ այս համաժողովը նույնպես կնպաստի մեր կապերի ամրապնդմանը, տեղեկատվական դաշտի ձեւավորմանն ու համագործակցության խորացմանը”։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ Ծաղկաձորում հավաքված է տարբեր երկրների ամենահզոր ներուժը, երկրների ապագան, ովքեր կարող են առաջարկել նոր լուծումներ, հետաքրքիր, կենսունակ գաղափարներ, ուղղություններ՝ տարբեր խնդիրները լուծելու համար։ Նա ընդգծեց, որ այս օրերին տեղի են ունենում աշխարհաքաղաքական կարեւորագույն իրադարձություններ, եւ շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդները կարողանան ճիշտ կողմնորոշվել այդ շրջափուլերում։

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ներկայացրեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձը, որում մասնավորապես առանձնացվում էր այն փաստը, որ համաժողովն անցկացվում է Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո. “Մեր ժողովուրդները կոչված են համատեղ ստեղծելու տնտեսական զարգացման հզոր կենտրոն, խոշոր տարածաշրջանային շուկա, որը կհամախմբի ավելի քան 170 միլիոն մարդու։ Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ երկրների համար նույնպես։ Այս միության անդամ պետությունների համար ստեղծվում են սեփական տնտեսությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ”։

Իր ուղերձում Ս. Նարիշկինը կարեւորում էր երիտասարդների դերն ինտեգրացիոն գործընթացներում։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ տարբեր երկրներից ժամանած երիտասարդները ոչ միայն ունեն ընդհանրություններ, այլեւ իրենց ազգային մշակույթների  կրողներն են։ “Մենք հետաքրքիր ենք միմյանց այնքանով, որքանով տարբեր ենք։ Եվ այդ պատճառով եվրասիական ինտեգրումը ոչ թե ուծացման, միաձուլման հարթակ է, այլ մի վայր, որտեղ Եվրասիական աշխարհամասում ապրող, արարող ցանկացած երկրի ժողովուրդ կարող է ստանալ ինքնաարտահայտման լրացուցիչ հնարավորություն։ Ես ուրախ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը ձեւավորվում է որպես իրավահավասար պետությունների միավորում, չնայած այնտեղ ներկայացված երկրների քաղաքական, տնտեսական կշիռները տարբեր են։ Հուսով եմ, որ համաժողովի բոլոր մասնակիցներն իրենց հետ կտանեն ոչ միայն բարի հիշողություններ, այլեւ նոր գաղափարներ ու ծրագրեր”,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը։  

Եվրասիական երիտասարդական հնգօրյա համաժողովի ընթացքում անցկացվում են սեմինարներ, գործնական աշխատանքներ “Россия сегодня” միջազգային ինֆորմացիոն գործակալության առաջատար լրագրողների եւ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի փորձագետների կողմից։ Նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետդումայի, ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։ Քննարկվելիք թեմաներն են՝ “Երիտասարդ լրագրողներ”, “Երիտասարդ քաղաքական գործիչներ”, “Եվրասիական անվտանգություն”։ Այս ամենին զուգահեռ ծրագրի մասնակիցներին սպասվում են նաեւ հետաքրքիր էքսկուրսիաներ։ ԱՊՀ, Մերձբալթյան տարածաշրջաններից, Վրաստանից ժամանած հյուրերը կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, կծանոթանան Հայաստանի մշակույթի հետ, կկազմակերպվեն մարզական, մշակութային ծրագրեր (“Միսս Եվրասիա-2014”, ինտելեկտուալ խաղեր եւ այլն)։ 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ