20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ մանիպուլյացիան մարդու արյան մեջ է

Մեկուկես տարվա տվայտանքներից հետո «փաշինյանապետությունը» վերջապես գտել է (կամ կարծում է, թե գտել է) բանակցային գործընթացում «ճեղքում» արձանագրելու բանաձեւը։

Այն է` «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Փաշինյանն անթաքույց հպարտությամբ է խոսում այդ մասին`պատեհ-անպատեհ կրկնելով. «Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար»։

Մի կողմ դնենք, որ իրենից առաջ դա արել է իր «ուսուցիչը»` Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մոռանանք, որ նման մանր խորամանկություններով Ալիեւին չես «ֆռռացնի», ծուղակը չես գցի, չես շեղի կարգավորման ի՛ր «տեսլականից», որ վերջին անգամ բարձրաձայնեց Պուտինի ներկայությամբ. Ադրբեջանի համար ընդունելի միակ լուծումը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն» ամբողջությամբ եւ առանց նախապայմանների վերականգնելն է`«Ղարաբաղը Ադրբեջան է, եւ բացականչական նշան»…

Որքանո՞վ դա կարող է ընդունելի լինել իր կամ ինչպես ինքն է ասում` «Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների» համար, առավել եւս, երբ նույն Ալիեւը նույնիսկ «Ղարաբաղի ժողովուրդ» ասածը չի ընդունում, թողնենք Փաշինյանի խղճին։

Շատ ավելի վատ է, որ Մինսկի խմբի համանախագահները, մեղմ ասած, հիացած չեն Փաշինյանի «նորարարական» մոտեցումներով, ավելին` մնում-մնում, մե՛զ են մեղադրում բանակցությունները փակուղի մտցնելու, մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու` «աշխարհը շուռ գա, Ղարաբաղը պետք է նստի բանակցությունների սեղանի մոտ» կարգախոսից կտրուկ շրջադարձ անելու եւ «Արցախը Հայաստան» հռչակելու մեջ։

Եվ գիտե՞ք ինչու։ Որովհետեւ որպես Երեւանի պաշտոնական դիրքորոշում ներկայացվող այդ բանաձեւման մեջ մե՜ծ, շատ մեծ մանիպուլյացիա կա։

25 տարի է`թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ Հայաստանի նախագահներն ու արտգործնախարարները մշտապես խոսել են խնդրի փոխզիջումային կարգավորման մասին։ Բանակցային գործընթացի նպատակը, առաքելությունը, էությունը մեկն է եղել եւ է. հնարավորինս մերձեցնել կողմերի դիրքորոշումները, գտնել այն ոսկե միջինը` փոխզիջումը, որ կարող է այս կամ այն չափով ընդունելի լինել բոլոր կողմերի համար։ Վերջին հաշվով`նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղություն հաստատելու համար։

Մեզ պատերազմ պետք չէ, քանզի մենք հաղթել ենք։ Մեզ պետք է խաղաղություն, և դրա լավագույն գործիքը բանակցությունն է։

Վատ բանակցություններն ավելի լավ են, քան լավ պատերազմը։ Մենք պետք է բարելավենք մեր դիրքերը բանակցային գործընթացում այնքանով, որքանով թույլ են տալիս տարածաշրջանային «ստատուս-քվոն», քաղաքական ու աշխարհաքաղաքական կոնյունկտուրան և մեր հնարավորությունները։ Ոչ թե ունքը սարքելու փոխարեն մի բան էլ աչք հանենք` զրոյացնելով Ղարաբաղի դերը բանակցային գործընթացում եւ Հայաստանը ներկայացնելով որպես անկանխատեսելի երկիր, որն իր չկշռադատված հայտարարություններով խոչընդոտում է բանակցային գործընթացը։

Լիլիթ Պողոսյան

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ