Ինչ գին են վճարելու իշխանությունները
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քառյակը12 կետերից բաղկացած հայտարարությունը ներկայացնելուց հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս կետերով փորձել են ձևակերպել լրջագույն խնդիրների համախումբը, որ իշխանությունը, քաղաքական կամք ունենալու դեպքում, կկարողանա առաջիկա մի քանի ամսվա ընթացքում լուծել:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելեց, որ սա մեծ հաջողություն է, բավականին դժվարին աշխատանքի արդյունք: ՛՛Չորս քաղաքական ուժերը տարբեր պատկերացումներ ունեն՝ գաղափարախոսական, մեթոդաբանական, ուժերի մի մասն ավելի արմատական ու հեղափոխական փոփոխությունների կողմնակից է, մյուս մասն՝ ավելի շրջահայաց ու հանդարտ ընթացքի, բայց բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է մեր երկրի ու ԼՂՀ-ի անկախությունը՛՛,-նշեց նա: Զուրաբյանը նկատեց, որ երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց, մի կողմից քառյակը հաղթանակ տարավ, բայց մյուս կողմից նոր միասնական օրակարագ էր անհրաժեշտ ու հիմա կա այդ օրակարգը, որի կատարումը քառյակը ժողովրդի հետ հետապնդելու է:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ Կոնգրեսը նախկինի նման շարունակում է կարծել, որ երկրի գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի ռեժիմն է, այս բոլոր լուծումների բանալին Սերժ Սարգսյանին հեռացնելն է իշխանությունից: ՛՛Բայց մենք նաև հասկանում ենք, որ պետք է ձևավորել միասնական օրակարգ, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ դարձնել երկրում ընթացքող այս քաղաքական գործըթնացը, սա առաջին փուլն է, իսկ վերջնականը Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հրաժարականն է լինելու՛՛:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սա մշակույթի նոր մակարդակ է մեր քաղաքական ուժերի համագործակցության բնագավառում: ՛՛Մենք այս հայտարարությամբ չեզոքացնում ենք այն տեսակետը, որ ընդդիմությունն ամեն ինչ սև ու սպիտակ է տեսնում: Գլխավոր խնդիրն, ի վերջո, թղթի վրա արձանագրված ծրագրերը չեն, այլ կատարված քայլերը՛՛,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով. ՛՛Ընդդիմությունը շահագրգռված է մեր երկրում արմատական փոփոխութուններ անել անկախ նրանից՝ իշխանության ղեկին ով է, օր առաջ պետք է ճիշտ գնահատել առկա մարտահրավերները: Մենք հնարավորություն ենք տալիս իշխանություններին, որ իրենց խոսքը գործի վերածեն, որ կատարեն քայլեր ու ցույց տան, որ իսկապես հասկանում են պահի լրջությունը՛՛:
Պատգամավորները հայտարարեցին, որ իշխանություններին ժամանակ են տալիս մինչև սեպտեմբերի երեսունը, սակայն սա չի նշանակում, որ իրենք արձակուրդ են գնում:
Հարցին՝ ինչ գին կվճարի իշխանությունը այս կատերը չկատարելու դեպքում, Ռուստամյանն ու Զոհրաբյանը պատասխանեցին, որ դա կորոշեն սեպտեմբերի 30-ից հետո: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հավելեց, որ այս իշխաությունները ուզում են իմանալ՝ ինչ են անելու իրենք: ՛՛Գինը կտրվի հանրահավաքի ժամանակ՛՛: Զուրաբյանն էլ նկատեց. ՛՛Սա պահանջ է Հայաստանի ցանկացած իշխանությանը, կկատարեք դուք կամ արդեն այլ իշխանություն՛՛: