Արտաքին պարտքն աճում է, սակայն բնակչությունն արտագաղթում է
Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախորդ Կառավարությունը տապալել է բոլոր ցուցանիշները: Ըստ նրա՝ հիմա պետք է քննարկեին Տիգրան Սարգսյանի կառավարության պատասխանատվության հարցը և ոչ թե բյուջեն:
Ապա Զոհրաբյանը նշեց, որ ևս երկու վարկային պայմանագիր ընդունվել է, ինչը նշանակում է, որ ավելացել է ՀՀ-ի արտաքին պարտքը: ՛՛Ինչպես է լինում, որ մեր արտաքին պարտքն աճում է, բայց մենք բոլոր ցուցանիշներով հետընթաց ունենք՝ աղքատություն, արտագաղթ, գործազրկություն, բոլորն աճում են՛՛,-նկատեց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ եթե արտաքին պարտքն ավելանում է, ժողովրդի կենսաական պայմանների բարելավմանը պետք է այն ուղղված լինի, բայց անկում կա բոլոր կենսական ապահովման ոլորտներում:
Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դա, բնականաբար, մտահոգիչ է, սակայն պետք է հասկանալ, որ արտաքին պարտքը զուտ գործարք է: ՛՛Մեր երկիրը շարունակում է մնալ նվազ պարտք ունեցող երկիր, ծանր բեռ ունեցող երկիր չէ՛՛,-հավելեց Ջանջուղազյանը: