Ո՞ր օլիգարխի սեփականություն կդառնա Աֆրիկյանների շենքը. պատմությունը ոչնչացվու՞մ է
Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյան եղբայրներին պատկանած շենքը ժամանակին եղել է քաղաքային ակումբ: Այսօր պատմամշակությաին արժեք հանդիսացող այդ շենքը գրեթե փլուզման եզրին է:
Շենքը կառուցվել է դեռևս 19-րդ դարում: 1913թ. ծառայել է որպես քաղաքային ակումբ, այժմ պահպանվում է պետության կողմից: Սակայն ինչպես հավաստում են բնապահպանները պետությունը շահագրգռված չէ պահպանելու շենքը, այլ կա նպատակ փլուզվող շենքի տեղում մեկ այլ շենք կառուցելու:
Այս պահին շենքը վերածվել է հասարակական զուգարանի և համարակալած քարերն են միայն հիշեցնում նրա պատմաճարտարապետական նշանակության մասին: Այս հարցի շուրջ վերջին օրերին բավականին ակտիվ դրսևորումներ են ի հայտ եկել:
Ի՞նչ ճակատագրի կարժանանա ի վերջո Աֆրիկյանների շենքը, հարցի շուրջ՝ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց “Քաղաքը մերն է” նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի հետ:
“Աֆրիկյանների տան շուրջ աղմուկը բարձրացավ հենց այն ժամանակներից, երբ մարդկանց հանեցին շենքից ու ջուր բաց թողեցին, որը սկսեց փթեցնել շենքի պատերը: Հետո հանեցին տանիքը, որը արդեն պատահական գործելաոճ չէր: Իրենք մշակութային շինության տանիքը հանում են, շենքը թողնում են բաց վիչակում, հետո ասում են՝ինքնափլուզվեց: Եթե նախկինում այս ամեն ինչը ես ագահությանն էի վերագրում , ապա հիմա միանշանակ պնդում եմ, որ սա նախագիծ է՝ մեր մշակույթը ոչնչացնելու…”,-նշեց Գերավետյանը:
Գերավետյանի փոխանցմամբ իշխանությունների նպատակը ոչ միայն պատմություն ոչնչացնելն է, այլ նաև սեփականատեր փոխելը:
Այս և մոտակա հին շենքերի տեղում “Հին Երևան” կառուցելու նախագիծը ըստ մեր զրուցակցի արդեն փաստում է, որ տարածքը կդառնա ինչ-որ օլիգարխի սեփականություն:
“Այս հարցում՝ ճարտարապետները ևս հլու հնազանդ են: Միակ ճարտարապետը, որ այս հարցում արտահայտում է իր դիրքորոշումը դա ճարտարապետ՝ Սաշուր Քալաշյանն է ”,-հավելեց Գերավետյանը: Գերավետյանը անդրադարձավ նաև Երևանի նախկին և ներկա ճարտարապետներին, նաև Նարեկ Սարգսյանին.”Այս մարդկանց բացարձակ չի հետաքրքրում, մշակութային կոթող է ՝ կոթող չի: Ես այստեղ արդեն տեսնում եմ կոռուպցիայի հիմքերը”,-հավելեց Վարդան Գերավետյանը: