Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է հինգ միլիարդ դոլարի սահմանագծին
Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է հինգ միլիարդ դոլարի սահմանագծին, 4.5 մլրդի սահմանը վաղուց անցել է: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի նոյեմբերի 7-ին և 2013-ի նոյեմբերի 18-ին ստորագրված ՛՛ՀՀ ՛՛Հյուսիս- Հարավ՛՛ ճանապարհային միջանցք՛՛ ֆինանսական պայմանագրի քննարկման ժամանակ հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Եթե տրամաբանությունն այն է, որ որտեղ 4.5 –ը, այնտեղ 5-ը, դա էլ է տրամաբանություն, արժի քննարկել: Եթե 5 մլրդը շատ ավելի բարեհունչ է, դրա համար ենք ձգտում ավելացնել Հայաստանի արտաքին բեռը, դա էլ քննարկելու հարց է՛՛,-նկատեց նա:
Զոհրաբյանը նշեց, որ առաջարկով են հանդես գալու՝ մինչև նոր հարկային բեռ, պարտավորություն ստանձնելը խորհրդարանում հաշետվություն ներկայացվի մինչ այժմ ծախսված որոշ՝ առավել վիճահարույց վարկերի արդյունավետության վերաբերյալ: ԲՀԿ քարտուղարը նշեց, որ իրենք պատկան կառույցներին կդիմեն՝ հրավիրելով խորհրդարան: