Արսեն Թորոսյանի թիմը չի կարողանում վերադարձնել նրա երբեմնի դրական իմիջը. Մեդիապաշտպան
2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 104 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 79-ը՝ չեզոք։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի թիմը չի կարողանում վերադարձնել նրա երբեմնի դրական իմիջը։ Այս տասնօրյակում ևս բացասական հոդվածները բազմաթիվ են և տարաբնույթ։
Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն այս անգամ Արսեն Թորոսյանի դեմ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Ըստ տիկին Խաչատրյանի՝ Արսեն Թորոսյանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածները։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ Արսեն Թորոսյանի և Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանի միջև տեղի ունեցած բանավեճի ժամանակ, նախարարն ասել է, որպեսզի անտեսվի քաղաքացու դիմումը։ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ նախարարը դիմումների ուսումնասիրությանը խոչընդոտելու և կամ վերահսկող մարմնին հանձնարարականներ տալու իրավասություն չունի։
Ըստ լրատվականների՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Առողջապահության նախարարը իր հերթին պարզաբանել է և նշել է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն է, մահվան սպառնալիք չկա և որ ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ։ Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ Լևոն Բաղդասարյանը, նշել է, որ, եթե այդ հիվանդանոցում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի բացասական դինամիկան շարունակվի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է Առողջապահության նախարարի վրա։
Բժիշկ Գևորգ Գրիգորյանն անդրադարձել է Արսեն Թորոսյանի՝ պոլիոմիելիտի պատվաստման հերթական հրամանին։ Ըստ բժշկի՝ հավելյալ պատվաստման հրաման տալիս են միայն այն դեպքում, երբ հերթական, ըստ ժամանակացույցի ստացված պատվաստումը արդյունավետ չի լինում, կամ, երբ տեղի է ունենում ավանտյուրա։ Բժիշկը հավելել է. «Քանի որ նման դեպք չի արձանագրվել, հակված եմ, որ դա կարող է լինել ավանտյուրա»։
Ի դեպ, նա հայտնել է, որ քաղաքացիներից մեկը պարզել է՝ պատվաստանյութի QR կոդն անվավեր է, որը, ըստ բժշկի, փաստում է ավանտյուրայի երևույթը, և ստացվում է, դա «լևի» պատվաստանյութ է:
Մեդիապաշտպան նախաձեռնություն