“ՕԵԿ-ը հաղթել է ու դեռ հաղթելու է…”
“Օրինաց երկիր” կուսակցության մամլո խոսնակ Արթուր Միսակյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.
“Հաղթել ենք… Ու դեռ հաղթելու ենք…: Ծնունդդ շնորհավոր, “Օրինաց երկիր”
Հունիսի 7-ին բոլորեց “Օրինաց երկիր” կուսակցության հիմնադրման 17-րդ տարին: 17 տարիները վկայում են արդեն իսկ կերտված պատմության մասին: Կուսակցության ճանապարհը եղել է դժվարին, պայքարներով ու մաքառումներով, սակայն ազնիվ ու անաչառ: ՕԵԿ-ը երբեք չի խաբել ոչ իր կուսակիցներին, ոչ իր համակիրներին, առավել ևս ժողովրդին: Մշտապես եղել է առավելագույնս օբյեկտիվ, հավասարակշռված և պարկեշտ: Հետևաբար այսօր բաց ճակատով է ներկայանում հասարակությանը, հպարտ` անցած ճանապարհի և հաստատակամ ապագայի անցնելիք ճանապարհի համար:
Իսկ ո՞ւր է նա գնում: Գնում է կառուցելու մի երկիր, որտեղ կլինի իրավունքի գերակայություն և օրենքի իշխանություն: Պայքարում է, որ մեր պետությունը լինի անվտանգ, մրցունակ աշխարհում, նրա քաղաքացիները` հպարտ, իսկ քաղաքական և պետական գործիչները` ժողովրդի առջև իրենց առաքելությունը գիտակցող: Երկիր, որտեղ մարդիկ անհանդուրժող կլինեն ոչ թե միմյանց, այլ չարի ու ամենաթողության նկատմամբ:
Կուսակցության նպատակն է ստեղծել մի հասարակություն, որտեղ մարդը կլինի բաձարձակ արժեք` իր խնդիրներով, հոգսերով ու երազանքներով, հասարակություն, որտեղ օրենքի առջև արտոնյալներ չեն լինի, այլ այն կլինի հավասար բոլորի համար ու կպաշտպանի բոլորին: Չէ՞ որ օրենքի երկրում ուժեղներն արդար են, թույլերը` պաշտպանված:
1997 թվականին հրավիրվեց “Օրինաց երկիր” կուսակցության հիմնադիր համագումարը: Մի քաղաքական ուժ ևս սկսեց իր կենսագրությունը: Անսովոր էր կուսակցության անվանումը, նոր էին այն գաղափարները, որոնք առաջադրում էր նորաստեղծ քաղաքական ուժը: Երբ “Օրինաց երկիրը” հիմնադրվեց, շատերը չէին հավատում, որ այն կկայանա, բայց ինչպես ասում են՝ ճշմարտությունը սկզբից թվում է ծիծաղելի, հետո դառնում է վիճարկելի, վերջում` անբեկանելի: Այդուհանդերձ, “Օրինաց երկիրը” կայացավ: Ու այսօր այն այլևս ամուր քաղաքական կառույց է` իր տասնյակ հազարավոր անդամներով ու համակիրներով:
Այս 17 տարիների ընթացքում ժողովուրդն իր կողքին տեսավ ոչ թե իր քվեն խնդրող կամ առնող, այլ իր ձայնը հանդիսացող ուժին: Այդ պատճառով անցած բոլոր համապետական ընտրություններին վստահեց ու հավատաց ՕԵԿ-ին: Կուսակցությունն իր խոստումների տերը եղավ` 17 տարվա ընթացքը դարձնելով հռչակած ծրագրերի ու գաղափարների իրականացման, սկզբունքների, համոզմունքների ու պատասխանատվության ճանապարհ: Իհարկե, ոչ դյուրին, այլ խութերով ու խոչընդոտներով լի ճանապարհ: “Օրինաց երկիրը” այդ խութերն ու խոչընդոտները միշտ հաղթահարել է իր մեծ հավատի, ժողովրդի վստահության և միշտ առաջ գնալու ու հաղթելու վճռականության շնորհիվ:
Երբեք չենք երկնչել ու չենք պարտվել,
Հաղթել ենք… Ու դեռ հաղթելու ենք…
Այո, կուսակցությունն ունի ճշմարտության իր ճանապարհը, Հայաստանի ապագայի իր տեսլականը: Այդ ճանապարհով առաջ է գնում` ապավինելով իր մեջ եղած հավատին և ուժին, համախմբվածությանն ու գաղափարներին”,-գրել է Միսակյանը: